Ա. Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի 1-ին մրցանակակիր է դարձել Էտտոռե Պագանոն

Ա. Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի 1-ին մրցանակակիր է դարձել Էտտոռե Պագանոն

Հունիսի 13-ին հանդիսավոր արարողությամբ ամփոփվել է Արամ Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Ժյուրիի որոշմամբ առաջին մրցանակը շնորհվել է Իտալիան ներկայացնող թավջութակահար Էտտոռե Պագանոյին, երկրորդ մրցանակակիր է ճանաչվել Ջոու Կիտամուրան (Ճապոնիա), երրորդ մրցանակին արժանացել է Իվան Սենդեցկին (Ռուսաստան)։ Առաջին մրցանակակիրը որպես մրցանակ կստանա 10000 դոլարին համարժեք դրամ, երկրորդ մրցանակակիրը՝ 5000 դոլարին, իսկ երրորդ մրցանակակիրը՝ 3000 դոլարին համարժեք դրամական պարգև։

Էտտոռե Պագանոն մրցանակաբաշխությունից հետո խոստովանել է, որ չէր սպասում, թե կհաղթի մրցույթում։ «Իհարկե, շատ տպավորված եմ և չեմ կարող նկարագրել իմ զգացմունքները»,- ասել է երիտասարդ թավջութակահարը և տեղեկացրել, որ Խաչատրյանի` թավջութակի և նվագախմբի համար գրված կոնցերտ-ռապսոդիան սովորել է հատուկ այս մրցույթին մասնակցելու համար, ինչը հեշտ չէր, սակայն ուրախ է, որ այն հաղթանակ է բերել իրեն։

Երեկոյի ընթացքում շնորհվել են նաև հատուկ մրցանակներ։ Մասնավորապես, մրցույթի 1-ին փուլում Յոհան Սեբաստիան Բախի թավջութակի համար գրված ստեղծագործության լավագույն մեկնաբանության համար մրցանակ է տրվել Իվան Սենդեցկուն, վերջինս ստացել է նաև մրցույթի երկրորդ փուլում Արամ Խաչատրյանի Սոնատ-ֆանտազիայի լավագույն մեկնաբանության համար մրցանակը։ Մրցույթի 1-ին փուլում Դավիդ Պոպերի «Թավջութակի կատարողական բարձր վարպետության ձեռնարկի» էտյուդների լավագույն մեկնաբանության համար հատուկ մրցանակը տրվել է Ջոու Կիտամուրային։ Մրցույթի 2-րդ փուլում սոնատի լավագույն մեկնաբանության համար հատուկ մրցանակ է շնորհվել Էտտոռե Պագանոյին։ «Լավագույն նվագակցող դաշնակահար» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գայանե Ասլանյանը։ «Հանդիսատեսի համակրանք» հատուկ մրցանակին արժանացել է Միքայել Ոսկանյանը։

Մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը նշել է, որ Արամ Խաչատրյանի երաժշտության շուրջ մշտապես տոնական մթնոլորտ է, և տոնականության ոգի։ «Այսօր էլ նույնն է։ Խաչատրյանի երաժշտությունը մեզ սնելու է այն դասականների ուժով, որոնց մենք ճանաչել ենք տասնամյակներ շարունակ, և որոնք զարդարում են մեր օրը»,- նշել է մաեստրո Մանսուրյանը:

Երեկոյի ընթացքում առաջին մրցանակակիր Էտտոռե Պագանոն մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարել է Խաչատրյանի Կոնցերտ-ռապսոդիան թավջութակի և նվագախմբի համար։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ։ Մրցույթն անցկացվել է հունիսի 6-13-ը, «Թավջութակ» մասնագիտությամբ, որին մասնակցել են աշխարհի 12 երկրի 18 թավջութակահարներ։

Խաչատրյանի անվան մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված «Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի» (WFIMC) անդամ է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում