Պայմանավորված սահմանային լարվածությամբ՝ ԱԻՆ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ռեժիմի ծառայության

Պայմանավորված սահմանային լարվածությամբ՝ ԱԻՆ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ռեժիմի ծառայության

Սույն թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։14-ից, Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ բազմաթիվ ահազանգեր են ստացվել ՀՀ տարածքի հարավարևելյան հատվածի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացվող ռազմական գործողությունների վերաբերյալ։

Պայմանավորված սահմանին տիրող լարվածությամբ՝ ԱԻ նախարար Ա․ Փամբուխչյանի հրամանով ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի՝ անհրաժեշտության դեպքում արձագանքելու համար։

Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ռեժիմի ծառայության։

Ժամը 01։04-ից մինչ 01։40-ը Գեղարքունիքի մարզում գործարկվել է 7 շչակ, որից 2-ը՝ Վարդենիս քաղաքում, 5-ը՝ Շատվան, Ջաղացաձոր, Գեղամաբակ, Շատջրեք և Ակունք գյուղերում։

Ժամը 01։49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի զորամասի մոտակայքում։ Հրդեհը մարվել է ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից։ Այրվել է խոտածածկույթ։

ՊՆ թիվ N զորամասի 5 զինծառայող հրշեջ-փրկարարների կողմից տեղափոխվել են հրշեջ-փրկարարական ջոկատի տարածք, այնուհետև՝ համապատասխան ԲԿ։

Ժամը 01։46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Ակներ գյուղի տներից մեկում։ Հրդեհը մարվել է ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 75 քմ)։

Ժամը 08:24-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 20 հասցեի մոտակայքում։ Հրդեհը մարվել է ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից։ Այրվել է մոտ 10 քմ տորֆ և մեկ ծառի կոճղ:

Ժամը 08:53-ին ահազանգ է ստացվել, որ ռմբակոծության հետևանքով արկն ընկել և վնասել է Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի տներից մեկը։ Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն։

Հրետակոծության թիրախ են հանդիսացել Գեղարքունիքի մարզի Սոթք, Լուսակունք, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի և Սյունիքի մարզի 21 բնակավայրեր, մասնավորապես՝ Ներքին Հանդ, Ծավ, Սրաշեն, Սյունիք, Եղվարդ, Ագարակ, Ճակատկեն, Շիկահող, Դավիթ Բեկ, Ուժանիս, Վարդավանք, Կաղնուտ, Տեղ, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Քարաշեն, Արավուս, Ակներ, Վերիշեն, Խնածախ և Իշխանասար բնակավայրերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում