Արարատ Միրզոյանը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին

Արարատ Միրզոյանը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին: Նա հիշեցրեց, որ  2022 թվականին շարունակվել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման գործընթացը:

«Տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների 4 հանդիպում: 2022 թվականի փետրվարից վերականգնվել է երկու երկրի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը»,- ասաց Միրզոյանը:

Նա նշեց, որ 2022 թվականի հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները Վիեննայում պայմանավորվածություն են ձեռք բերել հնարավոր ամենասեղմ ժամկետներում ապահովել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն՝ Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար:

«Նույն հանդիպման ընթացքում կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա օդային բեռնափոխադրումների իրականացումը, որի մեկնարկը տրվել է արդեն ընթացիկ տարում»,- նշեց ԱԳ նախարարը:

Միրզոյանը հիշատակեց նաև 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեթ Էրդողանի հանդիպումը:

Հիշեցնենք՝ այս տարի Արարատ Միրզոյանը մեկնեց Թուրքիա՝ ցավակցություն հայտնելու ավերիչ երկրաշարժի մեծաթիվ զոհերի կապակցությամբ:

Հայաստանը Թուրքիա էր ուղարկել նաև մարդասիրական օգնություն և հումանիտար խումբ: