Չինաստանը խորապես մտահոգված է ԱՄՆ-ում ասիական ծագմամբ անձանց նկատմամբ բռնության մակարդակի աճով
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել երկրի տարածքում միջոցներ ձեռնարկել ասիական ծագումով մարդկանց նկատմամբ բռնությունը կասեցնելու համար այն բանից հետո, երբ 8 մարդ է սպանվել Ատլանտայի տարածքում գտնվող մերսման սրահներում, գրում է Associated Press-ը:
Մասնավորապես, երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ժաո Լիջյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ում ասիացիների դեմ բռնությունը «վրդովվեցուցիչ և անհանգստացնող է», և դա Չինաստանին «խորը մտահոգության» առիթ է տալիս:
Ամերիկյան իշխանությունները պետք է «գործնական միջոցներ ձեռնարկեն երկրում ռասիզմի և ռասայական խտրականության առնչությամբ խնդիրները լուծելու համար, և խստորեն պահպանեն և պաշտպանեն Չինաստանի քաղաքացիների անվտանգությունն ու օրինական իրավունքներն ու շահերը Միացյալ Նահանգներում», - ասել է պաշտոնյան լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցում:
Հաղորդվում է, որ երեքշաբթի հնչած կրակոցների համար կասկածվող 21-ամյա երիտասարդը ոստիկանությանը հայտնել է, որ հարձակումը ռասայական բնույթ չի կրել:Հայտնի է դարձել, որ սպանվածներից 6-ն ասիական արմատներով անձինք են եղել:
Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը միջադեպի առնչությամբ ևս հանդես է եկել հայտարարությամբ, նշելով՝ զոհվածներից 4-ը կորեական ծագմամբ կանայք են, իսկ զոհերից 2-ը՝ չինական անուններ ունեն:
Հիշեցնենք՝ Չինաստանը երկար ժամանակ հակադարձում էր իշխող Կոմունիստական կուսակցության օրոք մարդու իրավունքների ոտնահարման մեղադրանքներին՝ մատնանշելով ռասիզմը և բռնությունները Ամերիկայում: ԱՄՆ-ում ասիացիների դեմ վերջերս կատարված հարձակումները մասամբ վերագրվում են հակաչինական տրամադրություններին, որոնք առաջացել են կորոնավիրուսային համավարակի ֆոնին:
Նկատենք՝ COVID-19-ն առաջին անգամ հայտնաբերվել է 2019-ի դեկտեմբերին՝ Չինաստանի Ուհան նահանգում:
Կարծիքներ