Կոնգրեսական Փալոնի՝ Ազգային պաշտպանության հատկացումների օրինագծում փոփոխության առաջարկն ընդունվեց. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Ներկայացուցիչների պալատը հաստատեց պաշտպանության հատկացումների օրինագծում փոփոխությունների մասին փաթեթը, որը ներառում է Հայկական հանձնախմբի համանախագահի առաջարկը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունեց 2021թ. Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրինագծում օրենսդրական մի շարք փոփոխությունների փաթեթը: Կոնգրեսի Հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի առաջ քաշած փոփոխության օրինագիծը, կապված ամերիկյան ռազմական օգնության հետ, ընդգրկված էր Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրինագծի փաթեթում: Փալոնի առաջարկած փոփոխությունը նախատեսում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, համագործակցելով պետքարտուղարության հետ, պետք է զեկույց ներկայացնի Կոնգրեսին՝ «Գործընկերների կարողությունների ամրապնդում» պաշտպանության նախարարության ծրագրի 333-րդ կետով ամերիկյան ռազմական օգնություն ստացած օտարերկրյա պետությունների ռազմական զորամիավորումների մասին, որոնց նկատմամբ առկա է կասկած, որ դրանք խախտում են միջազգային իրավունքը կամ մարդու իրավունքների դրույթները ռազմական օգնություն ստանալուց առաջ կամ ընթացքում: Զեկույցը կներառի նաև մարդու իրավունքների բարելավմանն ուղղված առաջարկություններ, որոնք կնպաստեն այս տեսակի խախտումների կանխմանը: Կոնգրեսական Փալոնը կարևորել է օրենսդրական փոփոխության ընդունումը, հատկապես երբ, ըստ կոնգրեսականի, Ադրբեջանը սպառնում է Հայաստանին: Պետք է վստահ լինենք, որ ամերիկյան արտաքին օգնությունը չի հակասում մեր արժեքներին ինչպես տանը, այնպես էլ դրսում, նշել է հայկական հանձնախմբի համանախագահը իր գրասենյակի տարածած մամլո հաղորդագրության մեջ: Ըստ նրա, այս փոփոխությունը հիմք է հանդիսանում Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու համար, քանի որ, ըստ կոնգրեսականի, Բաքուն ունի մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներ և վարում է ռազմատենչ քաղաքականություն:
Կարծիքներ