6 մարզերի մոտ 100 հազար բնակիչ 24 ժամ ջուր կունենա․ շինաշխատանքները մեկնարկել են
Շիրակի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում շուրջ 100 հազար բնակիչ շուրջօրյա ջրամատակարարում կունենա։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ Հայաստանի 11 քաղաքային և 37 գյուղական համայնքներից շատերում արդեն մեկնարկել են հնամաշ խողովակաշարերի փոխարինման, ջրընդունիչների, օրվա կարգավորիչ ջրամբարների և պոմպակայանների վերակառուցման, ջրաչափերի տեղադրման և այլ աշխատանքները։
ՀՀ կառավարության, Գերմանիայի KFW բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ (ՀՆԾ) կողմից ներդրվել է 81 մլն եվրո, որի շնորհիվ ակտիվ ընթացքի մեջ է Համայնքային ենթակառուցվածքների ծրագիրը: Մոնտաժվելու է ավելի քան 66 կմ ջրատար խողովակաշար, նախատեսվում է 20 ջրընդունիչների, օրվա կարգավորիչ ջրամբարների և պոմպակայանի վերակառուցում, 490 կմ բաշխիչ ցանցի կառուցում և 180 կմ երկարությամբ ջրագծերի տնային միացումների մոնտաժում։ Ջրաչափական հորերի թիվը մոտ 18.000 է։
Շահառու համայնքներից շատերում մինչ օրս խմելու ջուր առհասարակ չեն ունեցել, իսկ որոշներում՝ հնամաշ խողովակաշարերի և բաշխիչ ցանցի բացակայության պատճառով ջուրն ընդամենը 1-2 ժամով է հասել բնակչին։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող այս ծրագրի ոչ պակաս կարևոր առավելություններից է ջրի կորստի էական կրճատումը։
Կարծիքներ