«Դե թող այնքան արագ թռչեն, որքան մենք». «Ռոսկոսմոս»-ի ղեկավարը մարտահրավեր է նետել Իլոն Մասկին

«Դե թող այնքան արագ թռչեն, որքան մենք». «Ռոսկոսմոս»-ի ղեկավարը մարտահրավեր է նետել Իլոն Մասկին

Ռուսական «Ռոսկոսմոս» կորպորացիայի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը կոչ է արել չգերագնահատել ամերիկյան SpaceX Crew Dragon տիեզերանավի առաջին թեստային թռիչքի դերը՝ ամերիկյան իր գործընկերներին առաջարկելով փորձել կրկնել դեպի Միջազգային տիեզերակայան թռիչքի ժամանակ ռուսական տիեզերանավերի զարգացրած արագությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Եթե առաջատար լինելու մասին ամերիկյան քարոզչամեքենան մի կողմ դնենք, ինչո՞վ են նրանք առաջատար։ Տասը տարի նրանք հորիզոնում չկային, իսկ հիմա թռիչք են իրականացնում, ինչպես մենք միշտ ենք արել։ Դե թող հիմա նրանք այնքան արագ թռչեն, որքան մենք։ Չեմ կարծում, որ Crew Dragon-ը կարող է երեք ժամում Միջազգային տիեզերակայան հասնել»,-նշել է Ռոգոզինը։

Նրա խոսքով՝ Իլոն Մասկի SpaceX ընկերության Crew Dragon-ը և Boeing-ի ապագա Starliner-ն առավել հարմարավետ են, սակայն ռուսական «Սոյուզ ՄՍ»-ի նմանօրինակն են։

«Սա մեկ քայլ առաջ է, սակայն արդյոք մեզ պե՞տք է, որ նման տիեզերանավ ստեղծենք։ Իհարկե, ոչ, մեզ նման տիեզերանավ հարկավոր չէ»,- նշել է «Ռոսկոսմոս»-ի ղեկավարը։

Ավելի վաղ ռուսական «Պրոգրես ՄՍ-15» բեռնատար տիեզերանավը ժամանակային ռեկորդ էր սահմանել՝ Միջազգային տիեզերակայան հասնելով ընդամենը 3 ժամ 18 րոպե 31 վայրկյանում։ Դրանից հետո Ռոգոզինը հանձնարարել է աշնանը գերարագ սխեմայով «Սոյուզ ՄՍ»-ի թռիչք իրականացնել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում