«Ուրարտուն»՝ Հայաստանի քառակի գավաթակիր

«Ուրարտուն»՝ Հայաստանի քառակի գավաթակիր

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հայաստանի գավաթի եզրափակիչ «Շիրակ»-«Ուրարտու» հանդիպումը: Տիտղոսն իր պատմության մեջ 4-րդ անգամ նվաճեց Երևանի «Ուրարտուն»՝ մրցակցին հաղթելով 2-1 հաշվով: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Թիմերը ակտիվ էին սկսել խաղը: Գյումրեցիները շատ արագ գոլ բաց թողեցին. խաղի մեկնարկից ընդամենը մի քանի վայրկյան անց «Ուրարտուի» կազմում հաշիվը բացեց Դավիթ Խուրցիձեն: 4 րոպե անց, սակայն, անկյունայինի խաղարկումից հետո Մուսա Բակայոկոն վերականգնեց հաշվի հավասարությունը: Արդեն այս գոլից շատ չանցած խաղի տեմպը զգալիորեն նվազեց և ժամանակ առ ժամանակ թվում էր՝ ֆուտբոլիստներն արդեն մտովի հանդերձարանում են:

Առաջին կեսում գոլեր այլևս չեղան, ու թիմերն ընդմիջման գնացին 1-1 հաշվով:

Երկրորդ խաղակեսը թեժացավ, երբ մրցավարն ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացրեց գյումրեցիների գոլի հեղինակ Բակայոկոյին: Նախ, թիմի երկրպագուներն անկարգություններ սկսեցին՝ գունավոր ծխի պատիճներ և ճայթուկներ նետելով տրիբունայից ներքև, ապա ֆուտբոլիստները իրար հերթ չտալով երկուստեք համառ գրոհներ սկսեցին ձեռնարկել, ինչի արդյունքում 85-րդ րոպեին Կարեն Մելքոնյանն առաջ մղեց երևանյան թիմին:

Չնայած գյումրեցիների ակտիվ գրոհներին՝ խաղն այսպես էլ ավարտվեց և Դմիտրի Գունկոյի սաները նվաճեցին մրցաշրջանի առաջին տիտղոսը,- գրում է կայքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում