Երևանում բեյրութահայերի բիզնեսը կազատեն տուրքերից և վճարներից
Ավագանու որոշմամբ՝ օգոստոսին Բեյրութում պայթյունի հետևանքով Երևան տեղափոխվող լիբանանահայերի և նրանց հիմնադրած ընկերությունների համար կսահմանվի արտոնություն։ Նրանք 2020-ին կազատվեն տեղական տուրքից և վճարներից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Բացի այդ, լիբանանահայերը հնարավորություն կունենան օգտվելու առողջապահական, սոցիալ-տնտեսական, կրթական և մի շարք այլ ծառայություներից։ Ինտեգրման փաթեթը մշակում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Կառավարությունը հայտնում է, որ այդ փաթեթով առաջարկվող ծառայություններից կօգտվեն նաև պայթյունից ավելի վաղ՝ ամառվա մեջ Հայաստան վերադարձած լիբանանահայերը։
Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուններ են եղել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը, հարյուրավոր հայեր անտուն են մնացել, կան նաև զոհեր։ Պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։
Պայթյունից հետո Հայաստանի կառավարությունը օգնություն էր ուղարկել ինչպես այնտեղի հայկական համայնքին, այնպես էլ կառավարությանը։ Բեյրութ մեկնած հայկական ինքնաթիռներով հարյուրավոր լիբանանահայեր վերադարձել էին Հայաստան։
Կարծիքներ