ՀՔԾ պետն ընդունել է ՀՀ-ում ԱՄԷ գործերի ժամանակավոր հավատարմատարին
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ ԱլՍալամիին: Այս մասին հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:
Կարևորելով հայ-էմիրաթական իրավական կապերի հետագա ամրապնդումը` Սասուն Խաչատրյանը համոզմունք է հայտնել, որ այս հանդիպումը նոր խթան կհանդիսանա երկու երկրների համանման գործառույթներ իրականացնող կառույցների միջև համագործակցային հիմքերի ձևավորման ու գործընկերային հարաբերությունների զարգացման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրից ապօրինի կերպով դուրս բերված ակտիվների վերադարձի, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, այդ թվում՝ փողերի լվացման, ապօրինի հարստացման վերաբերյալ գործերի քննության ոլորտում Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահ մարմինների փորձի ուսումնասիրման հնարավորությունները:
Զրուցակիցները կարևորել են նաև վերը նշված հանցագործությունների նախաքննության հետ կապված քննչական աշխատանքների կազմակերպման, այդ թվում` միջազգային իրավական փոխօգնության հարցումներին առնչվող լավագույն փորձի ուսումնասիրման և մի շարք այլ հարցերի շուրջ համագործակցության կամուրջներ ստեղծելու անհրաժեշտությունը:
ԱՄԷ գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ ԱլՍալամին շնորհակալություն է հայտնել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հանդիպման և ջերմ ընդունելության համար` համոզմունք հայտնելով, որ երկու երկրների իրավապահ մարմինների միջև անմիջական համագործակցության ապահովման և զարգացման համար հիմք կհանդիսանան փոխադարձ այցերի կազմակերպումն ու դրանց շրջանակներում փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:
Կարծիքներ