Ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողները չեն կարող շրջիկ արկղով քվեարկել. նոր փոփոխությունների փաթեթ
Հայաստանում նախատեսվում է հրաժարվել ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողների՝ շրջիկ արկղով քվեարկելու ինստիտուտից, նաև օրենքի մակարդակով նախատեսվում է ամրագրել, որ համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրը ընտրատեղամասից պետք է ապահովվի ուղիղ հեռարձակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի առնչությամբ հրավիրված խորհրդարանական լսումներում նախատեսվող փոփոխությունները ներկայացրեց համահեղինակ Վահագն Հովակիմյանը:
Նա նախ վստահեցրեց, որ փաթեթը միտված է լուծվելու Ընտրական օրենսգրքում իրականացված բարեփոխումների արդյունքում ի հայտ եկած խնդիրները: «ՏԻՄ ընտրությունների համամասնական ընտրակարգը, երբ ներդրվում էր, առաջարկվեց, որ առանձին քվեաթերթիկներով քվեարկությունը, այսինքն՝ նույն ԱԺ-ի մոդելը, կիրառվի միայն 70 հազար և ավելի ընտրող ունեցող համայնքներում, իսկ դրանից քիչ ընտրող ունեցող համայնքներում պահպանվի հին մոդելը՝ երբ թեկնածուների անունները մեկ քվեաթերթիկով են, ընտրությունը կատարվում է գրիչով: Անցյալ ՏԻՄ ընտրությունների փորձը ցույց տվեց, որ այն համայնքներում, որտեղ տարբեր քվեաթերթիկներով էր քվեարկությունը, ավելի քիչ էին լինում անվավեր քվեաթերթիկներ, քան այն համայնքներում, որտեղ քվեարկությունը գրիչով էր: Առաջարկվում է, որ ՏԻՄ համամասնական ընտրակարգի դեպքում ամբողջությամբ անցում կատարվի տարբեր քվեաթերթիկներին, այսինքն՝ ներդրվի այն մոդելը, որն գործում է ԱԺ ընտրությունների ժամանակ»,- ասաց Հովակիմյանը:
Փոփոխություններով առաջարկվում է նաև ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողների՝ շրջիկ արկղով քվեարկելու ինստիտուտից հրաժարվել: Ըստ պատգամավորի՝ այդ ինստիտուտը պարունակում է չարաշահման մեծ ռիսկեր: «Ըստ այդմ առաջարկվում է հրաժավել այս ինստիտուտից, որ շրջիկ արկղը կիրառվի բացառապես ձերբակալման վայրում գտնվող անձանց դեպքում»,- ասաց պատգամավորը:
Ներկայում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին թեկնածու առաջադրվածները կարող են ինքնաբացարկ ներկայացնել քվեարկությունից 10 օր առաջ: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ կուսակցությունները և կուսակցության ցուցակի առաջին 3 համարները ինքնաբացարկի հնարավորություն ունենան քվեարկությունից մինչև 5 օր ավելի ժամանակ՝ քվեաթերթիկների տպագրությունն ապահովելու համար:
Կարծիքներ