Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար
Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։
Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն՝ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ես ստացել եմ կառավարության խոստումը, որ կփոխվի, այսպես կոչված, «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքի բովանդակությունը: Մենք կստեղծենք աշխատանքային խումբ, որը բաղկացած կլինի Վրաստանի և Եվրախորհրդի փորձագետներից, ներառյալ Վենետիկի հանձնաժողովը՝ բացահայտելու այն փոփոխությունները, որոնք պետք է կատարվեն օրենսդրության մեջ», - ասել է նա
Ինչպես հայտնել է aliq.ge-ն, «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կրկին հանդիպել է Վրաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ:
Բերսեն պաշտոնական այցով Վրաստան էր ժամանել դեկտեմբերի 18-ին: Կոբախիձեի և Բերսեի առաջին հանդիպումը կայացել էր դեկտեմբերի 18-ին։ Նույն օրը Բերսեն հանդիպել էր «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հետ:
Դեկտեմբերի 19-ին ԵԽ գլխավոր քարտուղարը հանդիպում էր ունեցել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած 3 ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ։
Կարծիքներ