Սիսիան-Իշխանասար ճանապարհին ավտոմեքենան մոտ 15 մետր գլորվելով՝ հայտնվել է դաշտամիջյան հատվածում. հոսպիտալ է տեղափոխվել 4 զինծառայող
Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով 2023 թ. մարտի 15-ին Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է տեղափոխվել 4 զինծառայող, որոնցից երեքի վիճակը եղել է բավարար, մեկի վիճակը՝ միջին ծանրության։Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
«Նախնական տվյալներով՝ վերջիններս վնասվածքները ստացել են մարտի 15-ին, ժամը 13:30-ի սահմաններում, Սիսիան-Իշխանասար ճանապարհի 3 կմ հատվածում նրանցից մեկի կողմից վարած Մերսեդես CLK 320 մակնիշի ավտոմեքենայով՝ մեքենայի կառավարումը կորցնելու հետևանքով ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս գալու և դաշտամիջյան հատվածում մոտ 15 մետր գլորվելու հետևանքով»,- նշված է գրառման մեջ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև դատաավտոտեխնիկական փորձաքննություն:
Ավտոմեքենայի վարորդը ենթարկվել է սթափության զննման, ըստ որի՝ վերջինիս օրգանիզմում ալկոհոլ չի հայտնաբերվել:
Նախաքննությունը շարունակվում է: Դեպքի հանգամանքները պարզվում են։
Կարծիքներ