Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը

Մահացել է քանդակագործ,  Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի նկարիչների միությունը և տեղեկացնում, որ նկարչի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին «Սան Լազարո» սգո սրահում: Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 27-ին նույն վայրից: 

Միության ողջ անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում նրա ընտանիքին և հարազատներին։

Վլադիմիր (Օհան) Պետրոսյանը ծնվել է 1941 թվականին։ 1979-1964 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ Ձևավորել է հեռուստաֆիլմեր, բեմադրություններ։ 1990-1995 թվականներին եղել է ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր, գիտության, կրթության, լեզվի և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Պետրոսյանի բազմաժանր գործերին բնորոշ են հոգեբանական նուրբ գծերի բացահայտումը, պլաստիկական զուսպ ձևերի ներդաշնակումը։

Նրա ստեղծագործություններից են՝ «Ալեքսանդր Սպենդիարյան» (1975թ., բրոնզ, ՀԱՊ), «Դոն Քիշոտ» (1971թ., հրակավ, ԺԱԹ), «Վերադարձ» (1983թ., փայտ, ԺԱԹ), Խնկո Ապոր անվան գրադարանի դուռը (1982թ., փայտ, Երևան), «Լ.Մոտալովա» (1976թ., թուջ), «Հրանտ Մաթևոսյան» (1985թ., հրակավ), «Արշիլ Գորկի» (1987թ., բրոնզ), «Սոսե Մայրիկ» (1987թ., մարմար), «Մարշալ Բաղրամյանի կիսանդրի» (1997թ., մարմար, Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարան), Ֆրանց Վերֆելի դիմաքանդակ-հուշակոթողը (1998թ., բրոնզ, գրանիտ, Վիեննա), Մաքսիմ Գորկու հուշարձանը (1973թ., հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ), «Ուսուցիչ» արձանախումբը (1974թ., հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ), Հայրենական պատերազմի հուշահամալիր (1989թ., համամիութենական մրցույթի 1-ին մրցանակ), Միջազգային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսի Հայաստանի տաղավարի ձևավորումը (1978թ., Ալժիր, արծաթե մեդալ), «Տարաս Շևչենկո» (2013թ., Երևան):

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում