Ավանդների ծավալն աճել է 27,3%-ով. ռեզիդենտները նախընտրում են խնայողությունները պահել ՀՀ դրամով
2022թ.-ի դեկտեմբերի դրությամբ առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 5 տրլն 122,6 մլրդ ՀՀ դրամ։
Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»՝ հղում անելով ՀՀ կենտրոնական բանկի տվյալներին։
Ավանդների ծավալը 2021թ.-ի նկատմամբ աճել է 27,28%-ով, ինչը վերջին 5 տարիներին արձանագրված ամենաբարձր աճն է։ Այս ցուցանիշը փաստում է ՀՀ բանկային համակարգի նկատմամբ վստահության բարձրացման մասին։
Ստորև ներկայացված է ՀՀ առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների և տրամադրված վարկերի դինամիկան 2017-2022թթ.-ին՝ արտահայտված մլրդ դրամով։
Ներգրավված ավանդների 72,11%-ն ապահովվել է ռեզիդենտների, իսկ 27,8%-ը՝ ոչ ռեզիդենտների կողմից։ Ոչ ռեզիդենտներն իրենց ֆինանսական միջոցների հիմնական հատվածը՝ 84,93%-ը, նախընտրել են բանկերում որպես ավանդ ներդնել արտարժույթով։
Ի տարբերություն ոչ ռեզիդենտների, ռեզիդենտներն իրենց միջոցների կեսից ավելին՝ 56,37%-ը, գերադասել են ներդնել ազգային արժույթով, ինչը փաստում է ազգային արժույթի նկատմամբ ռեզիդենտների կողմից վստահության մասին։
2022թ.-ի դեկտեմբերի դրությամբ, ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրված ընդհանուր վարկերի ծավալը կազմել է 4 տրլն 475,3 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով 4,19%-ով։
Ի տարբերություն նախորդ տարիների՝ 2022թ.-ին վարկային պորտֆելի ամենամեծ մասը բաժին է ընկել տնային տնտեսություններին՝ 2 տրլն 170,5 մլրդ ՀՀ դրամ։ Այս ցուցանիշը 2021թ.-ի համեմատ աճել է 12,99%-ով։
Ինչ վերաբերում է բիզնես ոլորտին տրամադրված վարկերին, ապա այստեղ նկատվել է բացասական դինամիկա, մասնավորապես, 2021թ.-ի նկատմամբ վարկերի ընդհանուր ծավալը նվազել է 3,4%-ով՝ կազմելով 1 տրլն 895.6 մլրդ ՀՀ դրամ։
Ստորև ներկայացված է ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրված վարկերի դինամիկան ըստ տնտեսության հատվածների 2017-2022թթ.-ին՝ արտահայտված մլրդ դրամով։
Կարծիքներ