Կարգավիճակը ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու ԼՂ հայության անվտանգությունն ու իրավունքները. Նիկոլ Փաշինյան
ԱԺ նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ մարտի 10-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից մեկը Հայաստանին է փոխանցել Ադրբեջանի պատկերացումները խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքների վերաբերյալ:
«Առաջարկությունները մենք օպերատիվ ձևով քննարկել ենք և արձանագրել, որ դրանցում Հայաստանի համար անընդունելի ոչինչ չկա, մանավանդ որ, դե յուրե, Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը ճանաչել է դեռևս 1992 թվականին Անկախ Պետությունների Համագործակցություն ձևավորելու մասին համաձայնագիրը վավերացնելով, և այդ ճանաչումը այսօր էլ մեր ներպետական օրենսդրության մաս է:
Մենք արձանագրել ենք, որ Հայաստանը երբեք Ադրբեջանից տարածքային պահանջներ չի ունեցել, և Ղարաբաղի հարցը ոչ թե տարածքի, այլ իրավունքի հարց է: Եվ հետևաբար, մենք արձանագրել ենք, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեն Ղարաբաղի հայության անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների ապահովումը և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը:
Եվ հետևաբար՝ օրակարգի այս լրացումով Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների մեկնարկին, և այս դիրքորոշումը արձանագրվել է Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպման ընթացքում: Ինչն է կարևոր արձանագրել այս իրավիճակում. մի շատ էական նրբություն: Որ եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանից բխեցնելով կարգավիճակը»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները:
Կարծիքներ