Նյու Յորքում կրկին գրանցվել է օրական կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային թիվ
Նյու Յորք նահանգի իշխանությունները վերջին մեկ օրվա ընթացքում գրանցել են կորոնավիրուսային վարակի գրեթե 23,4 հազար դեպք, սակայն վարչակազմը հույս ունի, որ վարակի մակարդակը շուտով զգալիորեն կնվազի։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը կայացած հերթական ճեպազրույցում հայտնել է նահանգի նահանգապետ Քեթլին Հոքուլը։
Ներկայիս ցուցանիշը գրեթե 1000-ով ավելի է, քան նախորդ շաբաթվա վերջին. դեկտեմբերի 18-ին նահանգում գրանցվել է վարակման 22478 դեպք, որն այն ժամանակ ռեկորդային էր, իսկ դեկտեմբերի սկզբին գրանցվել էր միջինը մոտ 8000 դեպք։
«Երեկ մենք սահմանեցինք ևս մեկ ռեկորդ՝ վարակման 23,391 դեպքով: Մենք դա կանխատեսում էինք՝ հաշվի առնելով օմիկրոն շտամի տարածումը: Այնուամենայնիվ, մենք սկսում ենք հուսադրող նորություններ ստանալ տուժած այլ երկրներից, որտեղ ցուցանիշներն արագորեն աճում են, իսկ հետո արագորեն նվազում: Սա այն է, ինչ մենք ակնկալում ենք տեսնել նահանգում», - ասել է Հոքուլը:
Միևնույն ժամանակ, նահանգապետը նշել է, որ նախկինում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների մոտ օմիկրոն շտամով վարակվելու դեպքում հիվանդության ընթացքն այնքան ծանր չէ, որքան դելտա տարբերակում։
Վերջին մեկ օրվա ընթացքում նահանգում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 60 մարդ, 4020 հիվանդի հոսպիտալացում է պահանջվել։
Նյու Յորքում չափահաս բնակչության 94,3%-ը ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժին։
Կարծիքներ