«Միջուկային զենքը մեկընդմիշտ խաղաղ կյանք կապահովի Հյուսիսային Կորեայի համար». Կիմ Չեն Ըն
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ միջուկային զենքի առկայությունը Փհենյանի համար խաղաղ գոյություն և ազգային անվտանգություն կապահովի:
Ինչպես նշում է ria.ru-ն, Հյուսիսային Կորեային կենտրոնական հեռագրային գործակալությանը հղումով, Կիմ Չեն Ընն այս մասին ասել է Կորեական պատերազմի ավարտի 67-ամյակին նվիրված միջոցառմանը:
«Որպեսզի թույլ չտայինք ևս մեկ անգամ անցնել 1950-ական թվականների պատերազմի տառապանքների ու ցավի միջով, պետք է ստանայինք պատերազմը որպես այդպիսին զսպելու ու կանխելու ունակ բացարձակ ուժ: Ուստի՝ այնտեղ, որտեղ մյուսներն արդեն հարյուր անգամ ընկած կլինեին ու կհանձնվեին, մենք, հաղթահարելով դժվարությունները, համբերատար դիմանալով ամեն տեսակի հնարավոր սպառնալիքներին ու սադրանքներին, որպես միջուկային տերություն՝ գնում էինք ինքնազարգացման ուղով: Այժմ մենք դարձել ենք այնպիսի երկիր, որը կարող է հուսալի և կայուն պաշտպանվել թշնամական ուժերի ակտիվ սադրանքներից: Պատերազմը զինված հակամարտություն է նրա հետ, ում վերևից ներքև են նայում: Հիմա ոչ ոք չի կարող թերագնահատել մեզ, իսկ թե փորձի՝ համապատասխան գին կվճարի»,-ասել է հյուսիսկորեացի առաջնորդը:
Հիշեցնենք, որ թեև Կորեական պատերազմն ավարտվել է 1953թ., այնուհանդերձ` երկու պետությունները շարունակում են տեխնիկապես պատերազմի մեջ մնալ:
Կարծիքներ