Իմացել եմ, որ դուստրս փոխգնդապետ է, իմացել եմ, որ բացակայում է, բայց չեմ իմացել, որ ռեժիմով բացակայում է. Գասպարյան
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա տեղակալ Լևոն Երանոսյանի և մյուսների գործով դատական նիստը:Այս մասին հայտնում է «Լուրերը»:
Ըստ մեղադրանքի՝ նախկին ոստիկանապետը խոչոր չափի վատնում է արել։ Դրվագներից մեկի համաձայն՝ նրա դուստրը 2015-ին նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպա, սակայն ծառայության չի ներկայացել: Տեղյակ լինելով այդ մասին՝ ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանը վատնել է պետական միջոցները, ամեն ամիս իր ստորագրությամբ հաստատել է ոստիկանության զորքերի ամսական ֆինանսավորման հայտերը, որոնց հիման վրա Գասպարյանի դստերը 2015-2018 թվականներին վճարվել է 9 միլիոն դրամ:
Ըստ գործի նյութերի՝ Լևոն Երանոսյանի հանձնարարությամբ՝ կեղծ փաստաթղթերով Վլադիմիր Գասպարյանի դուստրը ձևական՝ 3 օրով նշանակվել է բարձր պաշտոնի՝ փոխգնդապետի կոչում տալու նպատակով:
Թեմայի առնչությամբ լրագրողները հետաքրքրվեցին Վլադիմիր Գասպարյանից՝ ինչպես է իր դուստրը փոխգնդապետի կոչում ստացել:
«Ժամանակին դատավոր դառնալու համար ստաժ էր պետք, փեսաս ասաց, որ դատավոր վաղը դառնա (դե, ավարտել է, դիպլոմ ունի), դնենք մի տեղ, աշխատի, որ ստաժ պետք է լինի... 1-2 տարի է պետք... Ասացի՝ զբաղվեք: Ես չեմ ողջունել, որովհետև 4 երեխա է ունեցել, չեմ էլ հետաքրքրվել»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը:
Հարցին՝ ինչպե՛ս կարող է տեղյակ չլինել, որ դուստրը փոխգնդապետ է, նախկին ոստիկանապետը պարզաբանեց. «Ես իմացել եմ, որ ինքը փոխգնդապետ է, իմացել եմ, որ բացակայում է, բայց ես չեմ իմացել, որ ռեժիմով բացակայում է»:
Նշենք, որ Լևոն Երանոսյանը ևս այսօր լրագրողներին ասել էր՝ տեղյակ չի եղել, որ Վլադիմիր Գասպարյանի դուստրը աշխատանքի չի գնացել:
Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ նաև իր հանրահայտ դղյակին: Հարցին՝ պետական աշխատողը միլիոն դոլարների հասնող գույքը ինչպե՞ս է ձեռք բերել, նախկին ոստիկանապետը պատասխանեց. «էս տունը իմ հարազատ մարդկանցից մեկն է ժամանակին գնել իր տղաների համար, իր ընտանիքի համար, ոչ թե ինձ համար, իսկ հետո, երբ տղաներն ասել են՝ հա՛յր, մենք մնալու ենք արտասահման, չենք գալու, լավ կլինի՝ քավորով զբաղվեք.... Իմ ծրագրերի մեջ էս տունը չի եղել երբեք, հետո էդպես փոխանցվել է»:
Հարցին՝ ինչի՞ դիմաց են նվիրել տունը, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Ես էդ ընտանիքի քավորն եմ, և, անկեղծ ասած, ժամանակին, երբ որ էդ մարդը Ռուսաստանում իր բիզնեսն էր դնում, ես չեմ թողել, որ ամեն տեսակ կրիմինալ նեղություն տա էդ մարդուն»:
Կարծիքներ