Վանաձորում ուսումնասիրվում են վերջին երկրաշարժի հետևանքով առաջացած խնդիրները
Փետրվարի 13-ին ՀՀ մի շարք բնակավայրում, այդ թվում և Վանաձոր համայնքում գրանցված ուժգին երկրաշարժից հետո շուրջ 40 ահազանգ է հնչեցվել բնակիչների կողմից՝ հատկապես վթարային շենքերում ավելացած ճաքերի և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ։
Այս մասին տեղեկացնում է Լոռու մարզպետարանը:
Մարզպետի հանձնարարականով, երկրաշարժի հետևանքների ուսումնասիրման նպատակով Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետական բաժնի պետ Լևոն Հախինյանը, Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանը, Լոռու մարզի սեյսմիկ ծառայության փորձագետ Ռազմիկ Աթաբեկյանը և այլ պատասխանատու պաշտոնյաներ այսօր ահազանգերի հետքերով շրջայց են կատարել Վանաձորի Բազում թաղամասի մի շարք վթարային շենքերում, տեղում ծանոթացել երկրաշարժի հետևանքով ծագած խնդիրներին, զրուցել բնակիչների հետ։
Աշխատանքային խումբը կշարունակի շրջայցերը նաև առաջիկա օրերին՝ արձանագրելով բոլոր խնդիրները։ Արդյունքներն ամփոփելուց հետո դրանք կներկայացվեն համապատասխան գերատեսչություններին։
Նմանատիպ ուսումնասիրություններ, ըստ ահազանգերի, կկատարվեն նաև մարզի այլ համայնքներում ևս։
Կարծիքներ