Պետք է պատրաստ լինենք վատթարագույնին՝ ճիշտ դիրքավորվելով, ՌԴ-ն մեզ մատաղ է անում, Բաքուն՝ օգտվում դրանից. քաղաքագետ

Պետք է պատրաստ լինենք վատթարագույնին՝ ճիշտ դիրքավորվելով, ՌԴ-ն մեզ մատաղ է անում, Բաքուն՝ օգտվում դրանից. քաղաքագետ

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանն ասում է՝ հասկանալու համար՝ ինչ է անում Ալիևը, նախ պետք է վերհիշել, թե ընտրություններին ինչ հռետորաբանությամբ էր նա շարժվում: Ըստ նրա՝ Ադրբեջանի ղեկավարը մանդատ էր խնդրում սեփական հանրությունից՝ Հայաստանի Հանրապետությանը նոր տարածքային պահանջներ ներկայացնելու համար՝ իր պլաններում ունենալով ռազմական ճանապարհով որևէ արկածախնդրության գնալու միտքը:

Հարցադրմանը՝ արդյոք տեսնո՞ւմ է լայնամասշտաբ էսկալացիայի վտանգ, Մկրտչյանը դրական է պատասխանում:

«Ես անգամ ինձ համար սահմանած ժամկետներ ունեի, որ Իլհամ Ալիևը ընտրվելուց հետո՝ եղանակների տաքանալուն պես, փորձեր կատարելու է առնվազն, բայց դրա համար պետք է լինեն նպաստավոր պայմաններ: Մեկը կարող է լինել այն, որ, օրինակ, ուկրաինական ճակատում ՌԴ-ն հաջողություններ գրանցի, կամ Միացյալ Նահանգներում, Եվրախորհրդարանում ընտրությունները այլ ելք ստանան, բոլորի գլուխը խառը լինի: Այս առումով ինքը կարող է օգտվել դրանից»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Մկրտչյանի խոսքով՝ Ներքին Հանդում՝ Հայաստանի տված 4 զոհի համար Ադրբեջանը պիտի առնվազն տասնապատիկ պատասխան տա:

«ՀՀ-ն չունի հետքայլ անելու տեղ, և պետք է դիրքորոշումը կոշտացնել, իսկ արտաքին քաղաքականության մեջ, կարծում եմ, հայացքը հյուսիսին այլևս ուղղել չենք կարող, մեզ հյուսիսն ուղղակի մատաղ է անում՝ բառի ուղիղ իմաստով: Նույն տրամաբանությամբ շարունակելը ուղղակի կործանարար կարող է լինել: Վստահաբար, ՀՀ-ն պիտի ասի, որ պատրաստ է գնալ Եվրոպային այնքան մոտիկ, որքան Եվրոպան է թողնում, իսկ այդտեղ խանգարող հանգամանքներ կան: Ես համոզված եմ, որ վարչապետ Փաշինյանն էլ է շատ լավ հասկանում, որ ԵԱՏՄ-ն ինքն իրենով խանգարող հանգամանք է: Սա և՛, և՛-ի քաղաքականության շարունակությունն է, ոչ ավելին, իսկ և՛, և՛-ը չի ընդունում աշխարհը, մեզնից պահանջում է հստակ կողմնորոշվել՝ կա՛մ գնում ենք բելառուսացման ճանապարհով, կա՛մ պահում ենք ինքնիշխանությունը, սուվերենությունը և գնում հավաքական արևմուտք»,- կարծում է քաղաքագետը:

Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ պահանջներին, զրուցակիցն ասում է, որ դա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոյեմբերի 9-ի փաստաթղթից իր ստորագրությունը հետ կանչելու որոշում չի կայացրել. «Ի վերջո, նոյեմբերի 9-ի փաստաթղթի բոլոր 8 կետերը այս երկու ուժերը խախտել են. տարածաշրջանում գործ ունենեք նոր իրողության՝ դատարկված ԼՂ-ի հետ, և այս իրավիճակում ՀՀ-ն պիտի առնվազն քննարկի և ստորագրությունը հետ կանչի այդ փաստաթղթի տակից, որովհետև այնտեղ մեզ մնացել է 9-րդ կետ, որը այս կողմերը ջանասիրաբար ուզում են պարտադրել»:

Միաժամանակ քաղաքագետը դժվարանում է այս իրավիճակից ելքեր նշել՝ նկատելով՝ ՀՀ-ում եթե գտնվեր այդպիսի մարդ, որ այս իրավիճակից հստակ ելքն իմանար ու վստահաբար պնդեր, բոլորն առնվազն նրա հետևից կգնային:

«Իրավիճակն այդքան էլ հասարակ չէ, այնքան էլ տարածաշրջանային խնդիր չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել: Ադրբեջանի վրա ուղիղ ճնշում կա ՌԴ-ից, այնպես չէ, որ Բաքուն իր կամքով հարձակվում է ՀՀ տարածքի վրա, այո, նա ունի ներքին խնդիրներ, այո, Ալիևի ողջ քաղաքականությունը և իշխանությունը հիմնված է հայերի նկատմամբ թշնամանքի վրա, բայց արտաքին ճնշումներ ևս կան Բաքվի վրա և առավելապես ՌԴ-ից: Նույն Եվրամիության դիտորդների հարցով Բաքուն ինքն էր դրել ստորագրություն Պրահայում և համաձայնություն տվել, որ այդ դիտորդներին ՀՀ-ն բերի տեղակայի սահմանին, և դրանից հետո զախարովաներն ու լավրովները իրենց հիստերիկ հայտարարություններով ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա, որն էլ հանգեցնում է սրան»,- ասում է նա:

Վերջինս միաժամանակ կարծում է, որ Ադրբեջանն իրականում օգտվում է այս իրավիճակից. «Ինչու ոչ, եթե Ուկրաինայում ՌԴ-ի դիրքերն ամրապնդվում են, ինքն էլ ՌԴ-ի համար ռազմավարական գործընկեր է, ինչու չգնալ այդպիսի արկածախնդրության՝ ինչ-որ պատմական խելացնոր փաստեր ու քարտեզներ վեր հանելով»:

Քաղաքագետը նկատում է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի վատթարագույնին՝ արտաքին ճակատում ճիշտ դիրքավորվելով. «ՀԱՊԿ-ի հետ շարունակել ճանապարհ, ՌԴ-ի հետ շարունակել ճանապարհ սա որևէ լավ տեղ չի տանում, պետք է կողմնորոշվել: Պետք է գնալ համարձակ գործողությունների, որոնք զսպող բարձիկ են լինելու Ադրբեջանի համար, իսկ քանի դեռ Բաքվում տեսնում են, որ ՀՀ-ն շարունակում է երկու-երեք աթոռի նստած մնալ, օգտվում է դրանից»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում