«Ջերմուկ»-ի արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործվում. ընկերությունը հայտարարություն է տարածել
Վլադիկավկազի բնակիչը, որը նախօրեին կերակրափողի այրվածք է ստացել «Ջերմուկ» հանքային ջրի օգտագործումից հետո, մահացել է հիվանդանոցում։ Այս մասին գրել է Ria.ru-ն՝ նշելով, որ հանքային ջրի շշի մեջ քացախ է եղել։
Ըստ աղբյուրի՝ առգրավվել է «Ջերմուկ» հանքային ջրի 24 փաթեթ, և իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, իսկ վաճառքով զբաղվողներին խորհուրդ է տրվել դադարեցնել վաճառքը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ տեղի ունեցածի պատճառով «Роспотребнадзор»-ը հայտարարել էր «Ջերմուկ» հանքային ջրի որոշ խմբաքանակների վաճառքի կասեցման մասին:
«Ջերմուկ» Գրուպը տարածել է հայտարարություն՝ նշելով, որ «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործվում։ Կիրառվում են բացառապես այնպիսի նյութեր, որոնց անվտանգությունը համապատասխանում է միջազգային ստանդարտների պահանջներին և նախատեսված են սննդի արդյունաբերության մեջ օգտագործելու համար։
Այդ նյութերի՝ ջրի մեջ ենթադրյալ մնացորդների քանակությունները, ինչպես նաև «Ջերմուկ» բնական հանքային ջրի բաղադրությունը, ըստ իրենց առկա բնութագրերի, չեն կարող առաջացնել այրվածք, այդ թվում՝ կերակրափողի։
«Ջերմուկի շշալցված ջրի արտադրությունը շարունակական արտադրական գործընթաց է՝ ամբողջությամբ ավտոմատացված փակ ցիկլով։ Իսկ նվազագույն քանակը մեկ ցիկլի դեպքում կազմում է 1200 շիշ։ Այնպես որ, եթե ստանդարտներից որևէ շեղում հայտնաբերվի, ապա այդ անհամապատասխանությունը պետք է լինի այդ ժամանակահատվածում շշալցված բոլոր շշերի մեջ՝ առանց բացառության:
Համոզված ենք, որ իրավասու մարմինների կողմից կիրականացվի դեպքի օբյեկտիվ ուսումնասիրություն, ինչի արդյունքում կբացառվի կապը «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի և ՌԴ–ի Վլադիկավկազ քաղաքի բնակչի հետ տեղի ունեցած ցավալի դեպքի միջև»,- ասված է հայտարարության մեջ:
Կարծիքներ