Սերգեյ Լավրովն ընդունել է Ալեն Սիմոնյանին. լուսանկարներ

Հոկտեմբերի 4-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, որը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում՝ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի նախագահ Վ. Ի. Մատվիենկոյի հրավերով: Այս մասին հաղորդում է ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում ռուս-հայկական հարաբերությունների արդիական հարցերը, միջազգային կազմակերպությունների գծով փոխգործակցությունը՝ շեշտը դնելով խորհրդարանական բաղադրիչի վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կողմերի ուշադրության կենտրոնում են եղել նաև տարածաշրջանում անվտանգության և հետկոնֆլիկտային վերականգնման խնդիրները, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:
ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ հանդիպումն անցել է ռուս-հայկական դաշնակցային հարաբերություններին բնորոշ վստահության և կառուցողական մթնոլորտում:
Իր հերթին ТАСС գործակալությունն իր Telegram-ալիքում հաղորդում է, որ Ալեն Սիմոնյանը Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միջնորդական ջանքերի համար։
ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը Ռուսաստանում է գտնվում եռօրյա այցով։
Կարծիքներ