Խոշորագույն մեքենաշինական ընկերությունների վարկանշային աղյուսակը նոր առաջնորդ ունի
2020 թվականի ընթացքում Toyota ընկերությանը հաջողվել է մոտ 9,53 մլն նոր մեքենա վաճառել, որը 11,3 տոկոսով քիչ է 2019 թվականի ցուցանիշի համեմատ:
Նման արդյունքով ճապոնական ավտոարտադրողը շրջանցել է գերմանական Volkswagen-ին և գլխավորել աշխարհի խոշորագույն մեքենաշինական ընկերությունների վարկանշային աղյուսակը: Այս մասին հայտնում է Motor.ru-ն՝ մեջբերելով Bloomberg-ի տվյալները:
Համեմատության համար նշվում է, որ Volkswagen-ն անցած տարվա ընթացքում վաճառել է 9, 305 մլն մեքենա՝ 2019-ի համեմատ 15,2 տոկոսով ավելի քիչ: Գործակալության տվյալներով՝ կորոնավիրուսի համավարակը լուրջ ազդեցություն է ունեցել գերմանական ապրանքանիշի վաճառքի ծավալների վրա, հատկապես՝ եվրոպական շուկայում:
Toyota-ի հրապարակած հաշվետվության համաձայն՝ ավտոմեքենաների համաշխարհային վաճառքը վերջին 9 տարում առաջին անգամ է կրճատվել:
Իսկ ինչ վերաբերում է Volkswagen-ին, վաճառքի ծավալների առումով այն անփոփոխ գլխավորել է խոշորագույն մեքենաշինական ընկերությունների ցանկը 2016-2019 թվականներին:
Կարծիքներ