Բոտիչելիի «Մեդալիոնով երիտասարդը» կտավը վաճառվել է 92 մլն դոլարով
Վերածննդի դարաշրջանի ֆլորենտինացի վարպետ Սանդրո Բոտիչելիի վրձնին պատկանող «Մեդալիոնով երիտասարդը» կտավը Նյու Յորքում կայացած աճուրդում վաճառվել է 92 մլն դոլարով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Sotheby's աճուրդի տանը:
Նկարչի ստեղծագործությունը, որը ստեղծվել է 1470-1480 թվականներին և երկար ժամանակ պատկանել է բրիտանացի արիստոկրատի ընտանիքի մի քանի սերունդներին, գնահատվում էր 80 մլն դոլար: Թեև ենթադրվում էր, որ աճուրդում այն կարող է վաճառվել մինչև 100 մլն դոլարով:
Կտավի նախկին սեփականատերն այն ձեռք էր բերել 1 մլն դոլարով 1982-ին: Վերջին 50 տարիների ընթացքում գեղանկարը ցուցադրվել է արվեստի գործերի խոշորագույն ցուցահանդեսներում, այդ թվում՝ Լոնդոնի Ազգային թանգարանում և Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում:
Բոտիչելիի մյուս հայտնի ստեղծագործություններից են «Վեներայի ծնունդը», «Գարունը», «Մոգերի երկրպագությունը», ինչպես նաև Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգության պատկերազարդումները:
Կարծիքներ