Ամենապահանջված դասագրքերն այլևս հասանելի են առցանց

Ամենապահանջված դասագրքերն այլևս հասանելի են առցանց

Նոր ուսումնական տարվա շեմին Երևանի հենակետային բժշկական քոլեջի մեթոդական կաբինետն իր խոստացված նվերը մատուցեց հանրապետության շուրջ մեկ տասնյակ բժշկական քոլեջների ուսանողներին։ ՀՀ վաստակավոր մանկավարժ Ռիմա Խաչատրյանի հեղինակած երկհատորյա «Անօրգանական քիմիա» (ISBN 978-99941-71-19-4) և «Անալիտիկ քիմիա» (ISBN 978-9939-815-19-0) դասագրքերն այլևս հասանելի են առցանց։

Դասագրքերի տպագրությունը, առավել ևս ցանկալի որակի, խիստ ծախսատար և ժամանակատար գործընթաց է։ Տպագիր դասագրքերն էլ երկար օգտագործումից մաշվում են և դառնում հետագա օգտագործման համար ոչ պիտանի։ Կրկնատպագրությունը ևս ժամանակ ու ֆինանսական միջոցներ է պահանջում։ Ստացվում է փակ շրջան, որից տուժում են ուսանողները։

Այդ պատճառով մեթոդ կաբինետը որոշեց դասագրքերն առցանց հասանելի դարձնել ուսանողներին։ Սկսեցին առավել պահանջարկ ունեցողներից։

Հենակետային քոլեջի գրադարանում հավաքվում են վիճակագրական տվյալներ դասագրքերի պահանջվածության մասին հանրապետության գրեթե բոլոր բժշկական քոլեջներից։ Եղած տվյալների վերլուծության հիման վրա բացահայտվում են առավել պահանջվածները։

Ռ.Խաչատրյանի «Անալիտիկ քիմիա» և «Անօրգանական քիմիա» դասագրքերը կազմված են պետական ծրագրին համապատասխան և նախատեսված են բժշկական քոլեջների ուսանողների համար։ Արդեն շուրջ մեկուկես տասնամյակ որպես ուսումնական ձեռնարկ ներառված են Երևանի հենակետային, Վանաձորի, Կապանի, Գյումրու, Հրազդանի, Գավառի պետական և մի շարք այլ բժշկական քոլեջների ուսումնական ծրագրերում։ 

«Հաջորդ քայլը լինելու է նշված դասագրքերն ինտերակտիվ դարձնելը։ Դասագրքերում ներառված գործնական պարապմունքներն ու հարցաշարերը կլինեն ինտերակտիվ։ Պատասխանելով հարցերին կամ կատարելով առաջադրանքը՝ ուսանողն անմիջապես կիմանա իր պատասխանը ճիշտ է, թե ոչ, եթե ոչ, ապա ինչն է սխալ»,-ասում է Երևանի հենակետային բժշկական քոլեջի տնօրեն Նաիրա Ներսիսյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում