Չեմ ցանկանում, որ հուշարձանի տեղադրումը Թուրքիայում ընկալվի որպես ոչ բարիդրացիական քայլ. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույց է տվել Անկարայում, որի շրջանակում անդրադարձել է Երևանում «Նեմեսիս» գործողության հուշարձանի բացմանը, որից հետո թուրքական կողմը փակել էր իր օդային տարածքը հայկական օդանավերի համար:
«Ցավում եմ, որ հուշարձանի տեղադրումը նման արձագանք է ստացել Թուրքիայում: Ես այս հարցը քննարկել եմ նաև իմ թուրք գործընկերոջ հետ: Որոշումը կայացվել է ՏԻՄ-ում, և չեմ ցանկանում, որ հուշարձանի տեղադրումը այստեղ ընկալվի որպես Հայաստանի արտաքին պետական քաղաքականության դրսևորում և ոչ բարիդրացիական քայլ»,- ասաց նա:
Ալեն Սիմոնյանը նաև ընդգծեց, որ Հայաստանում պետական արտաքին քաղաքականությունն իրականացվում է վարչապետի և արտգործնախարարի կողմից, իսկ այդ մակարդակում կայացված որոշումներին վերջին ամիսների ընթացքում ականատես են բոլորը:
«Մենք պետք է հասկանանք, որ ցանկության դեպքում միշտ կարելի է պատճառներ, առիթներ գտնել՝ հարաբերությունները վատացնելու: Ես էլ կարող էի հազար տարբեր պատճառ գտնել Թուրքիա չժամանելու համար: Բայց ես այստեղ եմ, որպեսզի թուրք հասարակությանն ասեմ, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության և առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման:
Ես տեսել եմ մի քանի կտոր ԱԳ նախարարի հարցազրույցից, և պետք է ասեմ, որ Հայաստանն իր՝ հարաբերությունները կարգավորելու մղումների մեջ բացարձակ անկեղծ է: Եթե կա քաղաքական կամք, կա որոշում՝ հարաբերություններ հաստատելու, մենք պետք է հասկանանք, որ ճանապարհը հեշտ չի լինելու, բայց, այնուամենայնիվ, շարժվենք առաջ:
Հույս ունեմ՝ թուրք գործընկերները նույնպես ընդառաջ կգնան, և մենք կօգտագործենք այս պատմական հնարավորությունը, նոր էջ կբացենք մեր ու տարածաշրջանի համար»,- ասաց նա:
Կարծիքներ