ԵՄ չափանիշների համաձայն՝ Հայաստանը կորոնավիրուսային ցուցանիշներով մոտենում է վառվող կարմիր գոտու
Կորոնավիրուսով պայմանավորված` Հայաստանում համաճարակային իրավիճակը բավական լարված է: Հանրապետությունում վերջին 14 օրվա վերլուծության տվյալները փաստում են, որ դրան նախորդած 14 օրվա համեմատ առկա է նոր դեպքերի շուրջ 50 տոկոս աճ:
ՀՀ ԱՆ hիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ վարակի վերարտադրողականության ցուցանիշը 1-ից բարձր է, ինչը խոսում է այն մասին, որ այն շատ արագ տեմպերով տարածվում է:
«Ցավոք, մանկապատանեկան տարիքային բոլոր խմբերում առկա է նոր դեպքերի 1.5-ից մինչև 1.7 անգամ աճ: Ըստ Եվրամիության չափանիշների՝ մենք արդեն մոտենում ենք վառվող կարմիր գոտու: Այսինքն՝ կարմիր գոտուց անցում ենք կատարում վառվող կարմիր գոտի: Ներկայում մեր երկրում հիվանդացության ցուցանիշը 475 է, 500-ին հասնելու դեպքում կհամարվենք վառվող կարմիր գոտի (հիվանդացության ցուցանիշը հաշվարկվում է յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով- խմբ.): Ասեմ, որ հիվանդացությունը բարձր է բոլոր մարզերում»,-ասաց Ռոմելլա Աբովյանը: Մասնագետի խոսքով, հիվանդությունը երիտասարդացել է և հիմնականում ավելի շատ թիրախավորված են 30-50 տարեկանները:
Հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված, մահճակալային ֆոնդը սպառված է, շատ են վարակման դեպքերը, որոնք ընթանում են կլինիկական ծանր դրսևորումներով: Ըստ Ռոմելլա Աբովյանի` երկրում բավական մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել:
«Ասեմ, որ շատ են դեպքերը, երբ մեր քաղաքացիները ուշ են դիմում: Նախ` ուշ են թեստավորվում, ախտանշանների դեպքում մտածում են, թե սեզոնային մրսածություն է: Այնքան են ուշացնում, որ, թոքերը բավական ախտահարված, նոր գալիս են բուժհաստատություն: Հորդորում եմ մեր բնակչությանը, եթե կան ախտանշաններ՝ կոկորդի ցավ, գլխացավ, ջերմություն, մարմնի թուլություն, ապա անմիջապես դիմեք բժշկի»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:
Կարծիքներ