ԱՄՆ դեսպանը թուրք գործարարներին հասկացրել է, որ պատժամիջոցները կարող են ընդլայնվել
Թուրք-ամերիկյան գործարար խորհրդի (TAIK) անդամները, ովքեր մասնակցել են Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեւիդ Մ. Սաթերֆիլդի հետ հանդիպմանը, հիասթափված են CAATSA պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ դեսպանի կոշտ դիրքորոշումից, գրում է թուրք լրագրող Մուրատ Յետկինը, հայտնում է Ahval-ը:
TAIK-ի խորհրդի անդամները հունվարի 8-ին ԱՄՆ դեսպան Դեւիդ Սաթերֆիլդի հետ տեսազանգի միջոցով հանդիպում են անցկացրել, որի նպատակն էր ընտրված նախագահ Ջո Բայդենին փոխանցել թուրքական բիզնես աշխարհի պահանջները, գրում է Յետկինը:
Անկախ քաղաքական հարաբերություններից՝ TAIK-ը հույս ուներ, որ CAATSA պատժամիջոցները չեն ազդի տնտեսական հարաբերությունների վրա, ասվում է հոդվածում: Սակայն թուրք գործարարներին ցնցել է պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ դեսպանի հաստատակամ դիրքորոշումը:
Հանդիպումից հետո TAIK-ը մամուլի համար հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե Սաթերֆիլդը պնդում է, որ «պատժամիջոցները որոշակի բնույթ ունեն, եւ շուկայի մեծ մասը բաց կմնա առեւտրի համար»:
Յետկինն ամփոփել է Սաթերֆիլդի հայտարարության նշանակությունը՝
1. Պատժամիջոցները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան պնդում է С-400-ների գնումը, հենց դա նկատի ուներ դեսպանը «որոշակի» արտահայտության տակ,
2. Պատժամիջոցների մասին որոշումը հետ չի կանչվի, քանի որ այն ընդունվել է Կոնգրեսի կողմից: Այն դարձել է օրենք, որն ուժի մեջ կմտնի երեք շաբաթից,
3. Առեւտուրը հնարավոր չէ պատժամիջոցների ենթակա տարածքներում, օրինակ՝ պաշտպանական արդյունաբերության մեջ,
4. Կա այլ ոլորտների վրա տարածման հնարավորություն, էներգետիկայի, գյուղատնտեսության եւ դեղագործության ոլորտների հետ մեկտեղ:
Յետկինը պնդում է, որ խնդիրը ոչ թե տնտեսական է, այլ քաղաքական: Եւ վերեւից այն լուծելու համար կա բավարար քաղաքական կամք: Գործարար աշխարհը նույնիսկ չգիտի, թե Անկարան որքանով է պատրաստ Բայդենի վարչակազմի հետ հանդիպմանը, հավելել է Յետկինը: Նրա կարծիքով՝ այս պահից Էրդողանի համար շատ դժվար է հրաժարվել С-400-ից: Առանցքային խնդիրը Ռուսաստանից գնված С-400 հրթիռներն են:
«Շեմերը պարզ են՝ Բայդենը նախագահի պաշտոնը կստանձնի հունվարի 20-ին, ՆԱՏՕ-ի հանդիպումը տեղի կունենա փետրվարի 17-ին, իսկ ԵՄ առաջնորդների գագաթաժողովը` մարտի 25-ին: Առջեւում հետաքրքիր շաբաթներ ու ամիսներ են սպասվում: Թուրքական գործարար աշխարհն այժմ պետք է հասկանա, որ փոփոխությունները արագացրել է Covid-ը, եւ որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես նախկինում էր»,- եզրափակել է Յետկինը:
Կարծիքներ