Վենեսուելայի և Կոլումբիայի միջև սահմանը կբացվի սեպտեմբերի 26-ին

Վենեսուելայի և Կոլումբիայի միջև սահմանը կբացվի սեպտեմբերի 26-ին

Կոլումբիայի և Վենեսուելայի միջև սահմանը, որը փակվել էր 2019 թվականին, կբացվի սեպտեմբերի 26-ին ինքնաթիռների և բեռների համար:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն:

«Սեպտեմբերի 26-ին մենք կբացենք Կոլումբիայի և Վենեսուելայի միջև սահմանը: Որպես առաջին քայլ կվերականգնվեն երկու երկրների միջև ավիահաղորդակցությունն ու բեռնափոխադրումը: Հաստատում ենք կառավարության՝ եղբայրական հարաբերությունների վերականգնման հանձնառությունը»,-«Թվիթերի» իր պաշտոնական բլոգում գրել է Պետրոն:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն էլ նախօրեին Կարակասում ընդունել է Կոլումբիայի առևտրի նախարարին, որի հետ քննարկել են երկու երկրների միջև կապերի վերականգնման ճանապարհային քարտեզը:

Վենեսուելայի և Կոլումբիայի միջև հարաբերությունները խզվել են 2019 թվականին՝ Բոգոտայում ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ժամանակավոր նախագահ ճանաչելու պատճառով։ Նոր նախագահ Գուստավո Պետրոն պաշտոնավարել է օգոստոսի 7-ին՝ Վենեսուելայի հետ հարաբերությունները վերականգնելու մտադրությամբ։ Երկու երկրներում միլիոնավոր մարդիկ հարազատներ ունեն հարևան երկրում: Երկու երկրների համար մեծ նշանակություն ունի նաև առևտրային կապերի վերականգնումը: Նրանց միջև ապրանքաշրջանառությունը հասել է 8 մլրդ ԱՄՆ դոլարի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում