Գավառի դպրոցի փոխտնօրենի կողմից առերևույթ խարդախության դեպքերի մասին հաղորդումների առթիվ քրվարույթ է նախաձեռնվել․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Գավառի միջնակարգ դպրոցներից մեկի փոխտնօրենի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից առերևույթ խարդախություններ կատարելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
«2023 թվականի հուլիսի 26-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ, ըստ ՀՀ ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների, Գավառի միջնակարգ դպրոցներից մեկի փոխտնօրեն Ն.Ա.-ն, օգտագործելով իր հեղինակությունը, վկայակոչել է իր եղբոր քաղաքական գործիչ լինելու հանգամանքը՝ հավաստիացնելով, թե վերջինս, իբր, բանկ է հիմնադրել և ավանդ ներդնելու դեպքում խոստանում է ավանդի 30 տոկոսի չափով ամսական գումար վերադարձնել ավանդատուներին։
Այդ կերպ նշված անձը խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Գավառ համայնքի շուրջ 50 բնակիչներից ստացել է 3000-ից մինչև 400.000 ԱՄՆ դոլար գումարներ և չի վերադարձրել։ Ըստ այդ տվյալների՝ քաղաքացիների կողմից տրամադրված գումարների չափը կազմում է շուրջ 800.000 ԱՄՆ դոլար:
Թվով վեց քաղաքացիներ Ն․Ա․-ի կողմից վերոնշյալ մեխանիզմով իրենցից գումարներ ստանալու և չվերադարձնելու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ներկայացրել են հանցագործության մասին հաղորդումներ։
Բացի այդ, տվյալներ են ստացվել Ն.Ա.-ի կողմից խարդախությամբ գումարներ հափշտակելու այլ դեպքերի մասին ևս:
Մասնավորապես, երկու քաղաքացի հաղորդումներ են տվել այն մասին, որ նույն անձը 2022 և 2023թթ. ընթացքում, վստահությունը չարաշահելու եղանակով, տարբեր պատճառաբանություններով, խոշոր չափերի հասնող (մի դեպքում՝ 1 200 000 ՀՀ դրամ, մյուս դեպքում՝ 15 000 ԱՄՆ դոլար) գումարներ է պարտքով վերցրել իրենցից՝ մի քանի օր անց վերադարձնելու խոստումով, մինչդեռ ամիսներ անց այդ գումարները չեն ստացել։
Առկա տվյալների և հաղորդումների հիման վրա նախաձեռնվել են մի քանի քրեական վարույթներ, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել են մեկ քրեական վարույթում:
Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքերի բոլոր հանգամանքները, տուժածների ամբողջական շրջանակը, վերջիններիս պատճառված վնասի չափը պարզելու, դպրոցի փոխտնօրենի պաշտոնն զբաղեցնող անձի գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:
ՆԳՆ ոստիկանության տրվել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ