Մուրադ Փափազյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, փորձում է հերքել Փարիզում Փաշինյանի ավտոշարասյան վրա հարձակման կազմակերպումը
ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, որի մուտքը Հայաստան արգելվել է, փորձում է հերքել Փարիզում վարչապետ Փաշինյանի ավտոշարասյան վրա հարձակման կազմակերպումը։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
Գրառման մեջ նաև ասված է.
«Այնինչ, դեռևս 2021 թվականի հունիս 1-ին Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը «Հրապարակ»-ին հայտնել է, որ Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող Նիկոլ Փաշինյանի այցի դեմ հայկական մի շարք կազմակերպություններ բողոքի ակցիա են անելու Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան դիմաց։
«Առաջին անգամն է պատմության մեջ, որ մենք ցույց պիտի ընենք Հայաստանի շուրջ․․․»,-ասել է Մուրադ Փափազյանը։
Սրանով իսկ Մուրադ Փափազյանը խոստովանել է իր իսկ կողմից վարչապետ Փաշինյանի ավտոշարասյան վրա կազմակերպված հարձակումը։
Ի դեպ, համացանցում կան նաև բազմաթիվ կադրեր վարչապետի ավտոշարասյան վրա հարձակման հետևանքների ու մեքենաների կրած վնասների մասին։
Ինչ վերաբերվում է Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելելուն, ապա արտերկրում ՀՀ-ն ներկայացնող անձանց հանդեպ ցանկացած ոտնձգություն պետք է ունենա իրավական հետևանքներ։ Բնականաբար սա չի վերաբերվում խաղաղ ցույցերին կամ ակցիաներին»։
Հիշեցնենք, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն ավելի վաղ պարզաբանել էր, թե ինչ հիմքով է հուլիսի 13-ին արգելվել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն:
Կարծիքներ