Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի տնօրենը չի շարունակի պաշտոնավարել

Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի տնօրենը չի շարունակի պաշտոնավարել

Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը չի շարունակի պաշտոնավարել. պայմանգրի ավարտից հետո ժամկետը չի երկարացվել:

Այս մասին Խաչատրյանը սոցցանցի իր էջում գրում է.

«Սիրելի՛ ընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ, ահա և եկավ օրն ու ժամը թողնելու Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի /ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ/ տնօրենի պաշտոնը։ Ինձ հետ կնքված պայմանագրի ժամկետը լրացավ, և այն երկարացնելու առաջարկ չստացա։

Անկեղծ ասած, երկուսի համար էլ շնորհակալ եմ։ Այս երկար ու ձիգ 6 տարիների ընթացքում ինձ համար նոր աշխարհ եմ բացահայտել։ Մոռացված և լքված ոլորտ, անբարեկեցիկ և հուսախաբ, ոտնահարված իրավունքներով և անպաշտպան, անմարդկային պայմաններում ապրող պացիենտներ, խարան, անվերջ խարան։ Այսօր մեր իրականության մեջ հոգեբուժությունից բացի չկա մեկ ուրիշ ոլորտ, որտեղ այսչափ ծայրահեղաբար շեշտված լինեն մարդկային որակներն ու հարաբերությունները և՛ ամենալավ, և՛ ամենավատ տեսակետից։

Հիմա 6 տարիների անցած ճանապարհի վերջում կարող եմ պնդել, որ կարողացել եմ իմ ներդրումը ունենալ, արել եմ ամեն ինչ հնարավոր և անհնարինը, անկեղծությամբ և գործին նվիրումով, իմ աշխատանքով հասել եմ ակներև լավ արդյունքների։ ԻՀԱՐԿԵ ՈՉ ՄԻԱՅՆԱԿ։ Իհարկե թիմով, ՀԱՊԱԿ-ի անձնակազմի հետ միասին, առողջապահության նախարարության հետ, մեր բազմաթիվ գործընկերների հետ, պետական և ոչ պետական կառույցների հետ։

Շնորհակալ եմ նրանց բոլորին, ովքեր օգնել են։ Կրկնակի շնորհակալ եմ նրանց, ովքեր չեն օգնել, բայց, նաև չեն խանգարել։ Շնորհակալ եմ նրանց, ովքեր հավատացել են ինձ, հավատացել են, որ փոփոխությունները հնարավոր են, որ դրանք կարող են անշրջելի լինել։

Ի վերջո, յուրաքանչյուր ճանապարհի վերջը նոր հնարավորությունների սկիզբ է։ Դեռ կհանդիպենք․․․»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում