ԼՂ-ից տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում շարունակվում է հաշվառման գործընթացը
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում՝ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում (հասցեները՝ https://socservice.am/offices) շարունակվում է հայրենակիցների հաշվառման գործընթացը։ Այս պահի դրությամբ՝ ծրագրից օգտվում է 235 անձ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից։
«Միջոցառման շահառու դառնալու համար անհրաժեշտ է դիմել ՄՍԾ տարածքային կենտրոն, որտեղ հաշվառվելուց հետո կարող եք օգտվել առաջարկվող երեք բաղադրիչներից մեկից․
անցնել մասնագիտական ուսուցում, որից հետո ձեռք բերել աշխատանք,
անցնել աշխատանքային փորձառություն, որից հետո՝ աշխատանք,
անցնել մասնագիտական ուսուցում, որից հետո ձեռք բերել աշխատանքային փորձառություն և ապա՝ աշխատանք։
Հիշեցնենք, որ առաջին բաղադրիչի շրջանակում տրվում է մասնագիտական ուսուցման հնարավորություն․ ԼՂ հայրենակիցը կարող է մինչև 6 ամիս ժամկետով սովորել որևէ մասնագիտություն կամ վերապատրաստվել գործատուի առաջարկած ուսումնական հաստատությունում։ Այդ ընթացքում նրան կտրվի ուսման վարձի փոխհատուցում՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով, ինչպես նաև կրթաթոշակ՝ ևս 50 հազար դրամի չափով։ Ուսուցման գործընթացի ավարտից հետո վերջինիս և գործատուի միջև կկնքվի ամենաքիչը 3 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր, որի դիմաց գործատուն ամսական կստանա փոխհատուցում՝ առավելագույնը 50,000 դրամի չափով։
Երկրորդ բաղադրիչի շրջանակում ԼՂ հայրենակիցը կարող է վճարովի աշխատանքային պրակտիկա անցնել գործատուի մոտ․ նրա և գործատուի միջև նվազագույնը 6 ամիս ժամկետով կկնքվի աշխատանքային պայմանագիր։ Այս դեպքում գործատուին 3 ամիս ժամկետով կտրվի ամսական 165,000 դրամ՝ շահառուի աշխատավարձի վճարման համար, ինչպես նաև ամսական առավելագույնը 50,000 դրամ՝ հարկերի և պարտադիր վճարների փոխհատուցման համար։
Երրորդ բաղադրիչի դեպքում՝ հայրենակիցը նույն պայմաններով կարող է օգտվել առաջին և երկրորդ բաղադրիչից, այսինքն՝ անցնել ուսուցում, ստանալ կրթաթոշակ ու ուսման վարձի փոխհատուցում, ձեռք բերել աշխատանքային փորձառություն և անցնել աշխատանքի։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ