«Սիրիայում ռուս-թուրքական նոր պատերազմ է ընթանում». հույն պաշտոնաթող գնդապետ

«Սիրիայում ռուս-թուրքական նոր պատերազմ է ընթանում». հույն պաշտոնաթող գնդապետ

Հույն սյունակագիր, պաշտոնաթող  գնդապետ, Ազգային անվտանգության դպրոցի մագիստրոս Պանայոտիս Նաստոսը հրապարակել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների գնահատականը: Pentapostagma հրատարակության էջերում վերոհիշյալ հեղինակի ներկայացրած նյութում Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները անվանվում են «ռուս-թուրքական նոր պատերազմ»: Այս մասին գրում է Военное обозрение հրատարակությունը:

«Ռուսաստանը պահպանում և նույնիսկ ավելացնում է իր ռազմական ներկայությունը Սիրիայում: Սա հստակ ազդանշան է ինչպես Թուրքիային, այնպես էլ Իսրայելին, որ Մոսկվան պատրաստ է դիմակայել սիրիական պետության դեմ ագրեսիային: Իհարկե, Ռուսաստանի արտգործնախարարությունը հատուկ չի խոսում այդ երկրների մասին, բայց պարզ է դառնում, որ Թուրքիան ՍԱՀ-ում «անցանկալի ռազմական գործողություններ» է իրականացնում, այդ թվում նաև այն տարածքներում, որտեղ ռուսական զորքեր կան»,-գրել է Նաստոսը:

Օրինակ,  խոսքը Այն Իսսա քաղաքի թուրքական գնդակոծման մասին է, որտեղ տեղական (քրդական) վարչակազմի խնդրանքով ստեղծվել է ռուսական դիտակետ:

Այդ ֆոնին Այն Իսսայի երկնքում հայտնվել են մարտական ինքնաթիռներ: Սիրիական աղբյուրները նշում են, որ սրանք «կարող են լինել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները»:

Հույն հեղինակը գրում է, որ Ռուսաստանը «նյարդայնացած է» նաև Սիրիայի իսրայելական ռմբակոծություններից, որոնք իրականացվում են «իրանական ու իրանամետ ուժերի վրա հարձակման պատրվակով»: Հույն պաշտոնաթող գնդապետը նշում է, որ իսրայելական ինքնաթիռները «հաճախակի հարվածներ են հասցնում Սիրիայի տարածքին` այնտեղ ներկա ԱՄՆ զինված ուժերի հետ դրանք համաձայնեցնելուց հետո»:

«2020 թվականին Թուրքիան Սիրիայում կորցրել է իր բանակի առնվազն 60 զինծառայող, վիրավորվել է 100 թուրք զինվորական: Մեկ տասնյակից ավելի թուրքական անօդաչուներ խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից: Այդ ժամանակ ԱՄՆ-ն Մոսկվային մեղադրել է թուրք զինվորների մահվան համար: Բայց Ռուսաստանը հերքում է բոլոր մեղադրանքները»,-գրել է Նաստոսը:

Միևնույն ժամանակ, Նաստոսը ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ Սիրիայում ռուս-թուրքական հարաբերությունները չի կարելի անամպ անվանել, քանի որ ՍԱՀ-ում  պետություններից յուրաքանրյուրն ունի իր նպատակներն ու շահերը, իսկ այդ նպատակներն ու շահերը հաճախ հակադրվում են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում