ԼՂ-ում պայթյունից տուժած 4 բուժառու կտեղափոխվի Ֆրանսիա. Կոլոննա
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան Այրվածքաբանության ազգային կենտրոնում այցելել է ԼՂ-ում վառելիքի պայթյունից տուժած քաղաքացիներին։
Տեղեկությունը հայտնում է Առաջին լրատվականը։
Նշվում է, որ Կոլոննան կենտրոնին է փոխանցել Ֆրանսիայի հումանիտար օգնությունը։
Նա տեղեկացրել է` մտադիր են 4 բուժառուի տեղափոխել Ֆրանսիա` բուժումն այնտեղ շարունակելու նպատակով։
«Իմ այցն արտահայտում է Ֆրանսիայի բարեկամությունը, բայց ոչ միայն բարեկամությունը, այլև աջակցությունը, նաև դիվանագիտական համերաշխությունը: Ֆրանսիան արագ արձագանքեց ողբերգությանը, որ մարդիկ ուժի սպառնալիքով ստիպված են եղել թողնել տները և դառնալ բռնի տեղահանված: Կշարունակենք լինել ձեր կողքին»,– ասել է նա:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել է, որ տեսնելով ԼՂ-ում իրավիճակի վատթարացումը, լիակատար շրջափակումը, որը միջազգային իրավունքի խախտում է, արդեն որոշել են մեծացնել Հայաստանին աջակցությունը: Կոլոննան ընդգծել է` հիմա արդեն այդ աջակցությունը հասցրել են 12,5 մլն եվրոյի՝ բռնի տեղահանվածներին օգնության համար:
Կարծիքներ