Բաքվում ՀՀ դրոշով քայլելը հպարտություն և հուզմունք էր, սուլոցներն ինձ չէին հետաքրքրում. Ջանես Նազարյան
«Ամեն ինչ լավ էր։ Լարվածություն, իհարկե, կար, բայց ոչ այն պատճառով, որ մրցումները թշնամի երկրում էին անցկացվում, այլ պատասխանատվության զգացողության պատճառով»։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է Բաքվում անցկացված մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Ջանես Նազարյանը։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ գոհ է իր ելույթներից։
«Մարզիչների հետ լավ աշխատանք ենք կատարել։ Սխալներ, իհարկե, կային, բայց, փառք Աստծո, դրանք չազդեցին իմ վերջնական արդյունքի վրա», - նշել է նա։
Հարցին, թե որ գոտեմարտն է առանձնացնում, Նազարյանը նշել է եզրափակիչը, քանի որ այն չի ընթացել նախապես մշակված ծրագրով։
«Եզրափակիչում ամեն ինչ ըստ պլանի չգնաց։ Սխալներ թույլ տվեցի, սակայն մարզիչների հանգստությունն ու հուշումները մեծապես օգնեցին, և կարողացա հաղթել մրցակցիս», - ասել է մարզիկը։
Նրա խոսքով՝ եզրափակչում պատասխանատվությունն ու լարվածությունը շատ մեծ էին։
«Դու և մրցակիցդ գորգ եք դուրս գալիս միայն հաղթելու համար։ Մրցակիցս ուժեղ և լավ պատրաստված մարզիկ էր։ Ես էլ սկզբում սխալվեցի, միավոր տվեցի։ Այդ պահին մարզիչներն օգնեցին ինձ հանգստանալ, որպեսզի չկորցնեմ ինքնատիրապետումս և չմրցեմ ավելի վատ։ Բացի այդ, վստահ էի իմ պատրաստվածության վրա, քանի որ հավաքների և մարզումների ընթացքում մեծ աշխատանք էինք կատարել։ Այդ վստահությունն օգնեց չխառնվել և վերադարձնել կորցրածը», - պատմել է Նազարյանը։
Անդրադառնալով եզրափակչից հետո Հայաստանի դրոշով կատարած հաղթական շրջանին և տրիբունաներից հնչող սուլոցներին՝ մարզիկն ասել է, որ այդ պահին դրանք իր համար կարևոր չէին։
«Հավատացեք, այդ պահին սուլոցներն ինձ ընդհանրապես չէին հետաքրքրում։ Ինձ համար ամենակարևորը հաղթանակի պահը վայելելն էր։ Այդպիսի պահեր կյանքում հաճախ չեն լինում։ Դրոշով շրջելը պարզապես հպարտության և մեծ հուզմունքի զգացում էր, որ կարողացա հասնել այդ հաջողությանը», - նշել է Ջանես Նազարյանը։
Հիշեցնենք, որ Բաքվում անցկացված մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության 71 կգ քաշային կարգում Ջանես Նազարյանը եզրափակչում 4:3 հաշվով հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Ասլան Ձուևին՝ նվաճելով ոսկե մեդալ և դառնալով մինչև 17 տարեկանների աշխարհի կրկնակի չեմպիոն։


Կարծիքներ