Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ աշխատանքային օրենսգրքի նկատմամբ տեսչական մարմնի լիարժեք վերահսկողության դրույթները
Հայաստանում հուլիսի 1-ին ուժի մեջ են մտել ՀՀ աշխատանքային օրենսգրքի նկատմամբ տեսչական մարմնի լիարժեք վերահսկողության դրույթները։ Այս կապակցությամբ համագործակցության համաձայնագիր են ստորագրել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության տնօրեն Էդուարդ Կիրակոսյանն ու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը տեղեկացնում է, որ կողմերը պարտավորվել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ և մինչև հուլիսի 9-ը մշակել ու հրատարակել համապատասխան ձեռնարկ`գործատուներին անհրաժեշտ իրազեկում ապահովելու համար։
Նոր դրույթների համաձայն` տեսչական մարմինը, օրենքով նախատեսվածից բացի, այսուհետ վերահսկողություն է իրականացնելու նաև աշխատանքային պայմանագրերի կնքման կարգի պահպանման, աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր աշխատանքային պայմանագրի բացակայությամբ աշխատանքների (անօրինական աշխատանք) դեպքերի նկատմամբ:
Նորույթը վերաբերում է նաև աշխատաժամանակի և հանգստի տևողությունների պահպանմանը, օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում աշխատավարձի հաշվարկմանը, վնասի հատուցման ենթակա գումարների ժամանակին վճարումներին, կոլեկտիվ պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարմանը:
Ակնկալվում է, որ հրատարակվող ձեռնարկը կնպաստի աշխատանքային փոխհարաբերությունների հստակեցմանն ու պատշաճ կարգավորմանը:
Կարծիքներ