Չճշտված տվյալներով՝ անհետ կորած համարվող 24 հայ զինծառայողները գերեվարված են. Փաշինյան
24 զինծառայողները, ում հետ կապը նոյեմբերի 16-ին ընդհատվել էր, չճշտված տեղեկություններով, գերեվարվել են:
Այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հասկանում եք, որ իմ կողմից չճշտված տեղեկություններ ասելն այդքան էլ ճիշտ չէ, ուստի եկեք պայմանական այդ վերնագրի ներքո դնենք: Չճշտված տվյալների համաձայն՝ ավելի մեծ թվով զինվորներ են գերեվարվել: Մի մասը, որ մտածում էինք՝ զոհված են, իրականում գերեվարված են՝ չճշտված տեղեկությունների համաձայն»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 6 հաստատված զոհ, 24+8 գերեվարված:
«Այս տվյալներն էլի վերջնական ճշգրտման անհրաժեշտություն ունեն: Կան նաև տվյալներ, որ գերեվարվածների մեջ կան վիրավորներ, որոնցից առնվազն մեկը թեթև վիրավորում չի եղել: Այսինքն, գերեվարվել է մի իրավիճակում, երբ չէր կարող դիմադրել: Բնականաբար, մենք նրանց բոլորի վերադարձի ուղղությամբ ինտենսիվ աշխատում ենք»,- հայտարարեց Փաշինյանը:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ ասելով, որ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի գործողությունների հետևանքով 13 զինծառայող է գերեվարվել, ևս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում։
Կարծիքներ