«Արմավիր» ՔԿՀ-ում ներդրվել է տեսահսկման համակարգ ավելի քան 400 տեսախցիկով

«Արմավիր» ՔԿՀ-ում ներդրվել է տեսահսկման համակարգ ավելի քան 400 տեսախցիկով

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ներդրվել է տեսահսկման համակարգ ավելի քան 400 տեսախցիկով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  համակարգը հնարավորություն կտա ապահովել ՔԿՀ-ի թափանցիկ աշխատանքը՝ ստեղծելով անհրաժեշտ նախադրյալներ կոռուպցիայի և քրեական ենթամշակույթի դեմ պայքարը առավել արդյունավետ դարձնելու համար:

«Մենք այս տեսախցիկների և սարքավորումների օգնությամբ կկարողանանք վերացնել ապօրինությունները, ինչն էլ իր հերթին բերելու է մարդու իրավունքների պաշտպանությանը: Քրեակատարողական հիմնարկներում տարիներ շարունակ կուտակված խնդիրների` թմրամիջոցների շրջանառության, խաղամոլության, ճնշումների, ազատազրկվածների նկատմամբ ոտնձգությունների դեմ պայքարի լավագույն միջոցն է այս համակարգի ներդրումը»,- ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Նախարարի խոսքով` տեսահսկման համակարգը միակ լուծումը չէ, բայց  դա միջոց է, որպեսզի ՔԿՀ-ների ծառայողները կարողանան պայքարել ապօրինությունների դեմ:

«Տեսահսկման համակարգը վերահսկելու է դատապարտյալների խցերի միջև շարժերը: Այն դադարեցրել է քրեակատարողական ամենամեծ հիմնարկի «կուրությունը», և այսուհետ մեր օպերատիվ ծառայությունը կունենա ավելի լայն հնարավորություններ հետևելու, թե ինչ շրջանառություն է տեղի ունենում: Ճիշտ է այս համակարգը ամբողջությամբ չի լուծելու ապօրինությունների հարցը, բայց էականորեն կնվազեցնի»,- ասաց Անդրեասյանը:

Ըստ նախարարի` տեսահսկման համակարգ կներդրվի նաև «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում, արդեն իսկ մրցույթը հայտարարվել է:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում