Դեղերի հասանելիություն նաև «ՀայՓոստ»-ի միջոցով
«ՀայՓոստն» ընդլայնում է իր դեղատնային ցանցը: Գործարկվում է «ՀայՓոստ Մեդ» դեղատնային ցանցի երրորդ դեղատունը 0028 փոստային բաժանմունքում, հասցեն՝ Կիևյան 4:
Բացման արարողությանը, ի թիվս այլ հյուրերի, ներկա էր նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ինչպես նշեց ՀՀ առողջապահության նախարարը, «այն համայնքներում, որտեղ չկան դեղատներ, բնակիչները կարող են պատվիրել անհրաժեշտ դեղեր կամ դեղատնային ապրանքներ՝ օգտվելով տուն առաքման ծառայությունից կամ ստանալ դրանք մոտակա փոստային բաժանմունքում, ինչը համահունչ է նաև մեր որդեգրած համայնքների համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերին»:
«ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը խոսքով՝ «այժմ ստեղծվում է դեղատնային ցանց, որն ավելի հասանելի և հարմարավետ է դարձնում մեր ծառայությունները: Այսուհետ մեր բնակիչները կարող են այցելել «ՀայՓոստ Մեդի» դեղատուն, ինչպես նաև պատվիրել դեղեր տուն առաքման միջոցով: Այս գործընթացը շարունակական է. առաջիկայում նախատեսում ենք ցանցն ընդլայնել մարզերի ուղղությամբ: Շուտով դեղատներ կբացվեն Գյումրիում, Վանաձորում և այլ մարզկենտրոններում»:
««ՀայՓոստ Մեդը» համագործակցում է դեղորայք ներմուծող խոշոր կազմակերպությունների հետ, և մենք անում ենք առավելագույնը, որ մեր դեղերը և դեղատնային ապրանքները լինեն որակյալ ու մատչելի: «ՀայՓոստ Մեդը» ավելացնում է ոչ միայն դեղատների թիվը, այլև դեղերի և դեղատնային ապրանքների տեսականին»,- նշել է «ՀայՓոստի» կոմերցիոն տնօրեն Ցոլակ Հովհաննեսյանը:
«ՀայՓոստ Մեդ» դեղատանը կարելի է գտնել նաև մանկական սնունդ, կանացի հիգիենայի և խնամքի պարագաներ, կենսաբանական ակտիվ հավելումներ, բժշկական սարքավորումներ և այլն: Դեղատանը սպասարկում են որակավորում ունեցող և բանիմաց աշխատակիցներ, ովքեր գրագետ խորհրդատվություն են տրամադրում:
Հիշեցնենք, որ «ՀայՓոստը» գործարկել է նաև դեղերի առաքման ծառայություն. բոլոր մարզերի բնակիչները կարող են զանգահարել 010 30 30 30 հեռախոսահամարին, պատվիրել անհրաժեշտ դեղեր, դեղատնային ապրանքներ և ստանալ մոտակա փոստային բաժանմունքում կամ նշված հասցեում 1-2 աշխատանքային օրվա ընթացքում:
«ՀայՓոստ Մեդ» դեղատունը աշխատում է ամեն օր, ժամը՝ 09:00-21:00: Նախատեսվում է առաջիկայում դեղերի առաքման ծառայությունը մատուցել նաև Երևան քաղաքում:
Կարծիքներ