Կայուն կարգավորման համար անհրաժեշտ է ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության երաշխավորումը․ ԵԽ զեկույց
Եվրոպական խորհրդարանը կողմ քվեարկեց ԵՄ-ՀՀ հարաբերությունների վերաբերյալ բանաձևին, հաղորդում է «Արմենպրես»-ը: Բանաձևին կողմ քվեարկեց 534 պատգամավոր, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 66: Զեկույցում բանավոր փոփոխություններ առաջարկվեցին, մասնավորապես՝ դատապարտել Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումը, որը վատթարացնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև դատապարտել ադրբեջանական կողմի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև մարտի 5-ին տեղի ունեցած միջադեպը, որը հանգեցրեց զոհերի՝ վտանգի տակ դնելով խաղաղության հաստատման գործընթացը: Բանավոր փոփոխությունները ևս ընդունվեցին:
Եվրոպական խորհրդարանին ներկայացված զեկույցում նշվում է, որ վերջին 30 տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաև Ադրբեջանի վերջին ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք տասնյակ հազարավոր տուժածների, մեծ ավերածությունների և հարյուր հազարավոր մարդկանց տեղահանման պատճառ է դարձել, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռ չի լուծվել:
Փաստաթղթում ներկայացվում են Ադրբեջանի հարձակումները Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասի բռնազավթումն Ադրբեջանի կողմից, քաղաքացիական ենթակառուցվածքների գնդակոծությունները, հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց արտադատական սպանությունները, Լաչինի միջանցքով քաղաքացիական երթևեկության արգելափակումը:
Զեկույցում նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կայուն կարգավորման համար հարկավոր է դադարեցնել բռնությունը, երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները և անվտանգությունը:
Փաստաթուղթն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ Հայաստանը Transparancy International հակակոռուպցիոն կենտրոնի ինդեքում 2016-2021 թթ.-ին 16 կետով բարելավել է իր դիրքերը, զգալի ժողովրդավարական առաջընթաց է գրանցել և դրական քայլեր ձեռնարկել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:
«Այդուհանդերձ, 2021 թ.-ին հակակոռուպցիոն և դատական խոստացված բարեփոխումները դանդաղել են համավարակի և Լեռնային Ղարաբաղի նոր հակամարտության առաջացրած քաղաքական և տնտեսական ճգնաժամի հետևանքով», - նշվում է զեկույցում:
Զեկույցում նաև նշվում է, որ իր հարևան երկրների շարքում Հայաստանն առաջատար դիրքեր է գրավում Economist Intelligence Unit-ի 2021 թ. ժողովրդավարության ինդեքսում և «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ 2022 թ.-ի մամուլի ազատության ինդեքսում:
Ամբողջական զեկույցը կարող եք կարդալ այստեղ:
Կարծիքներ