Վիտալի Բալասանյանի կողմից չեն արվի այնպիսի հայտարարություններ, որոնք կարող են վնասել ԼՂ անվտանգային համակարգին. փաստաբան
Անկախ ներկայումս Վիտալի Բալասանյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների ողջ նպատակադրությունից, վերջինիս կողմից չեն արվելու այնպիսի հայտարարություններ, որոնք կարող են վնաս հասցնել ԼՂ-ի անվտանգային համակարգին:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բալասանյանի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը:
«ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ԱՀ նախագահի նախկին գլխավոր խորհրդական գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի ձերբակալման շուրջ լրատվամիջոցներում տարածվող տարաբնույթ հրապարակումների և օբյեկտիվ իրողությունից դուրս մեկնաբանությունների վերաբերյալ հստակություն մտցնելու համար հարկ եմ համարում իրազեկել, որ դրանք դուրս են վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներց (Քրեական գործը հարուցվել է ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում):
Թեև Վ. Բալասանյանը ներկայումս չի զբաղեցնում որևէ պաշտոն պետական կառավարման համակարգում, վերջինս ԱՀ պետական-անվտանգային համակարգի կայունացման ու արդիականացման ուղղությամբ շարունակում էր պետական համապատասխան կառույցների հետ աշխատանքը՝ ներդնելով իր ռազմական փորձն ու հմտությունները:
Միևնույն ժամանակ ընդգծում եմ, որ անկախ ներկայումս Վ. Բալասանյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների ողջ նպատակադրությունից, վերջինիս կողմից չեն արվելու այնպիսի հայտարարություններ, որոնք կարող են վնաս հասցնել Արցախի Հանրապետության անվտանգային համակարգին:
Խնդրում ենք զերծ մնալ դատավարության ընթացքը խաթարող և Վ. Բալասանյանի հեղինակության վրա ազդող անհիմն ու չփաստարկված հրապարակումներից»,-ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք՝ ԼՂ ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ձերբակալվել էր հուլիսի 13-ի երեկոյան։
Հայտնի էր դարձել նաև, որ ձերբակալվել էին վերջինիս որդին և ազգականը: Բալասանյանին ձերբակալել էր Ասկերանի իր տնից:
Ավելի ուշ Բալասանյանի որդու ձերբակալման վերաբերյալ պարզաբանմամբ էր հանդես եկել ԼՂ գլխավոր դատախազությունը։
Ըստ դատախազության՝ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը դիմել է դատախազություն առ այն, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2021 թվականի հունիսի 14-ի որոշմամբ Ասկերան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ին նպատակային փոխառության պայմանագրով տրամադրվել է 74.500.000 (յոթանասունչորս միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ փոխառություն՝ մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն փոխառու Ա. Բ.-ի կողմից նպատակային փոխառության պայմանագրով տրամադրված գումարը օգտագործվել է ոչ նպատակային, մեղվաընտանիքներ ձեռք չեն բերվել։
Հարուցվել է քրեական գործ։
Կարծիքներ