ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից ռազմավարական նշանակության ապրանքների ներմուծման սակագները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պլանավորում է կտրուկ բարձրացնել չինական էլեկտրամեքենաների, արևային մարտկոցների, կիսահաղորդիչների, պողպատի և ռազմավարական հատվածին առնչվող չինական մյուս ապրանքների ներմուծման սակագները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ըստ հրապարակման՝ այս կերպ Միացյալ Նահանգները մտադիր է «ուժեղացնել ռազմավարական հայրենական ճյուղերի պաշտպանությունը»։ Նշվում է, որ բազմաթիվ սակագներ, այդ թվում՝ 100 % մաքսատուրք չինական էլեկտրական մեքենաների, 50 %՝ արևային մարտկոցների, 25 %՝ պողպատի, ալյումինի, էլեկտրամեքենաների կուտակիչների և կարևոր օգտակար հանածոների համար, ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 27-ից։
Միևնույն ժամանակ, ըստ Reuters-ի՝ մայիսին ԱՄՆ վարչակազմի կողմից չինական էլեկտրամեքենաների, մարտկոցների և չիպերի նկատմամբ սահմանված պատժիչ մաքսատուրքերը, որոնք վերաբերում են 18 միլիարդ դոլարի ապրանքների, քիչ փոփոխությունների են ենթարկվել՝ չնայած ավտոարտադրողների խնդրանքներին և չինական մատակարարումներից ոլորտի մեծ կախվածությանը։
Ավելի վաղ Եվրամիությունը և Կանադան նույնպես հայտարարել էին Չինաստանից ներմուծվող մեքենաների նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելու մասին։ Ընդ որում, Կանադան հետևել է ԱՄՆ-ի օրինակին՝ էլեկտրամեքենաների համար սահմանելով 100 % մաքսատուրք։
Կարծիքներ