Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հեզբոլլահ»-ի ավելի քան 140 թիրախի ոչնչացման մասին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ մեկ շաբաթվա ընթացքում ոչնչացրել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ավելի քան 140 թիրախ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ են նշված Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
«Վերջին շաբաթվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները ակտիվացել են հյուսիսային շրջաններում: Լիբանանում ոչնչացվել են ահաբեկիչների ավելի քան հարյուր քառասուն թիրախներ, այդ թվում՝ զենքի արտադրության վայրեր, ահաբեկչական ենթակառուցվածք, զենքի պահեստներ, դիտակետեր և արձակման կայանքներ, որոնք թիրախ են դարձնում Իսրայելի հյուսիսային սահմանի համայնքները», - ասվում է հաղորդագրության մեջ։Իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերին՝ Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից հետո։
Իսրայելական բանակը և լիբանանյան «Հեզբոլլահ»-ի զինվորներն ամեն օր կրակում են միմյանց դիրքերի ուղղությամբ՝ սահմանի երկայնքով գտնվող շրջաններում։ Լիբանանի արտգործնախարարության տվյալներով՝ իսրայելական հրետակոծությունների պատճառով շուրջ 100 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը Լիբանանի հարավում, իսկ իսրայելական կողմը հայտնել է, որ Հյուսիսային Իսրայելի մոտ 80 հազար բնակիչ հայտնվել է նմանատիպ իրավիճակում։
Կարծիքներ