Անհետ կորած զինծառայողների ծնողները ՄԻՊ-ին են ներկայացրել իրենց մտահոգող հարցերը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել 44-օրյա մարտական գործողությունների մասնակից զինծառայողների ընտանիքների անդամների հետ:
Այսօր՝ ապրիլի 25-ին, հերթական հանդիպման ժամանակ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ծնողները Մարդու իրավունքների պաշտպանին են ներկայացրել իրենց հուզող հարցերը:
Հանդիպման ընթացքում ծնողները բարձրացրել են իրենց զավակների ճակատագրերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, դատագենետիկական փորձաքննությունների արդյունքների և քրեական վարույթների հետ կապված մի շարք հարցեր:
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ է նշել, որ ծնողների բարձրացրած հարցերն իր ամենօրյա հատուկ ուշադրության ներքո են: Պաշտպանի իրավասության սահմաններում ներպետական և միջազգային կառույցների ու դերակատարների հետ առաջնահերթ քննարկվում են զինծառայողների ճակատագրերի վերաբերյալ հարցերը:
44-օրյա պատերազմի մասնակից զինծառայողների ընտանիքների հետ հանդիպումները շարունակական են լինելու:
Կարծիքներ