«Human Rights Watch»-ը Թուրքմենստանին կոչ է արել չթաքցնել երկրում կորոնավիրուսի մասին ճշմարտությունը և վտանգի տակ չդնել մարդկանց կյանքն ու առողջությունը
«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Թուրքմենստանի իշխանություններին կոչ է անում երկրում տիրող կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի մասին ճշմարտությունը բացահայտել։ Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ իրականությունը թաքցնելով՝ երկրի կառավարությունը վտանգի տակ է դնում մարդկանց կյանքը, գրում է eadaily.com կայքը։
HRW-ի կայքում հրապարակված փաստաթղթում նշվում է, որ երկրի իշխանությունները պետք է արագ հիվանդության մասին տվյալներ հավաքեն ու հրապարակեն, կորոնավիրուսի առկայությունը ստուգող լայնամասշտաբ թեստավորում անցկացնեն, դադարեցնեն բժիշկների նկատմամբ ճնշումները։
«Ամեն րոպե երկրում Covid-19-ի մասին տեղեկություն թաքցնելով՝ Թուրքմենստանի կառավարությունը մարդկանց կյանքն ու առողջությունը վտանգի տակ է դնում»,- նշել է Human Rights Watch-ի Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում տնօրենի տեղակալ Ռեյչել Դենբերը և հավելել․ «Իշխանությունները պետք է դադարեցնեն այս ոչ խելամիտ ժխտողական քաղաքականությունը և հանրային առողջապահության համար համապատասխան շտապ միջոցառումներ ձեռնարկեն»։
HRW-ն նշում է, որ հանրապետության իշխանությունները թաքցնում են ոչ միայն կորոնավիրուսի, այլ նաև տարերային աղետների, խոշոր վթարների, հասարակական խռովությունների մասին տեղեկությունները։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետները 2020 թվականի հուլիսի սկզբին մտադիր են Թուրքմենստան այցելել։ Նշվում է, որ նման ծրագրերի մասին ԱՀԿ-ն դեռևս ապրիլին էր հայտնել, սակայն փորձագետներին չէր հաջողվել աշխարհի այս ամենափակ երկրներից մեկն այցելել։ Այժմ HRW-ն պնդում է, որ Թուրքմենստանը ԱՀԿ ներկայացուցիչներին թույլ տա երկիր ժամանել, որպեսզի վերջիններս կարողանան համավարակի կանխարգելման դեմ միջոցառումների անցկացման խորհուրդներ տալ։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի համար, այնուամենայնիվ, որոշ քայլեր ձեռնարկվել են․ կասեցվել է այլ երկրներից մուտքը Թուրքմենստան, ձեռքերը հաճախ լվանալու և հիգիենայի պահպանման կանոնների մասին տեղեկություններ են տարածվել։ Սակայն սոցիալական հեռավորությունը պահելու կանոնները չեն գործում, զանգվածային միջոցառումներ են անցկացվում, իսկ բժիշկներին իշխանությունները ստիպում են պարզապես լռել։
Կարծիքներ