Ճապոնիայի իշխող կուսակցության գրասենյակներում խուզարկություններ են սկսվել հաշվետվությունների խախտման գործով
Տոկիոյի շրջանային դատախազության Հատուկ քննությունների բաժնի աշխատակիցները խուզարկություններ են սկսել Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) երկու խմբակցությունների գրասենյակներում՝ կապված նվիրատվությունների հանգանակման սկանդալի հետ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով NHK պարբերականի հրապարակումը։
Խուզարկությունները տեղի են ունենում այն շենքերում, որոնք զբաղեցնում են հանգուցյալ նախկին վարչապետ Սինձո Աբեի խմբակցությունը, որի հանդեպ առաջադրվում են հիմնական մեղադրանքները, ինչպես նաև ԼԴԿ նախկին գլխավոր քարտուղար Տոսիհիրո Նիկայիի ներկուսակցական խումբը, որտեղ, քննիչների կարծիքով, նույնպես եղել են խախտումներ:
Սկանդալը, որն արդեն հանգեցրել է կառավարության և ԼԴԿ-ի վարկանիշների ռեկորդային անկման, բորբոքվել է վերջին շաբաթներին։ Կուսակցական խմբակցություններն իրենց անդամների համար սահմանում են միջոցների հանգանակման բաժնեչափեր, որ նրանք ստանում են ընդունելությունների և երեկոների տոմսերի վաճառքից: Որոշ քաղաքական գործիչներ գերակատարել են նորման, սակայն իրականում հանգանակված գումարի և սահմանված բաժնեչափի տարբերությունն, ինչպես ենթադրվում է, հաշվի չի առնվել ֆինանսական փաստաթղթերում և վերադարձվել է քաղաքական գործիչներին, այսպես կոչված, ոչ պաշտոնապես վճարված գումարների տեսքով կամ, հնարավոր է, օգտագործվել է որպես գաղտնի քաղաքական հիմնադրամների միջոցներ:
Հանգուցյալ նախկին վարչապետ Աբեի խմբակցությունը կասկածվում է մինչև 2022 թվականը հինգ տարվա ընթացքում մոտ 3,5 միլիոն դոլար յուրացնելու մեջ, իսկ Նիկայիի գրասենյակը՝ 700 000 դոլար։
Կարծիքներ