ՌԴ-ն պատրաստ է աջակցել իր տարածքում Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ալիևի հանդիպման անցկացմանը

ՌԴ-ն պատրաստ է աջակցել իր տարածքում Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ալիևի հանդիպման անցկացմանը

Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իր տարածքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման անցկացման համար։

Ըստ gazeta.ru-ի, այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ու նշել․

«Եթե այս հարցով ինչ-որ ըմբռնում լինի, ապա այդ մասին կտեղեկացվի»։

Նախօրեին Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ խաղաղ համաձայնագրի նախագծի վերաբերյալ առաջարկներ են ստացվել Բաքվից։ Նաև հավելել, որ Ալիևի և Փաշինյանի հանդիպումը, հավանաբար, տեղի կունենա մինչև տարեվերջ։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն էր հայտնել, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը հնարավոր է տեղի ունենա մինչև տարեվերջ։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությամբ Մոսկվան շահագրգռված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում