Որոտանի ջրամատակարարումը վերականգնվել է. շարունակվում են մաքրման և սելավի հետևանքների վերացման աշխատանքները
Որոտան գյուղում վերականգնվել է խմելու ջրի մատակարարումը:
Գորիսի համայնքապետարանի հաղորդմամբ, նախորդ օրերին տեղացած հորդառատ անձրևների և սելավների հետևանքով վնասված խողովակի փլուզված հատվածը վերականգնվել է:
Որոտան տանող ճանապարհի վրա շարունակվում են մաքրման և սելավի հետևանքների վերացման աշխատանքները:
«Գորիսի համայնքապետարանը ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքում է խնդիրներին: Այս միջոցառումները վկայում են համայնքապետարանի պատասխանատու մոտեցման և բնակիչների բարեկեցության նկատմամբ հոգատարության մասին:
Տարերային աղետների դեպքում նման արագ ու նպատակային գործողությունները կարևոր են համայնքի կյանքը նորմալ հունի վերադարձնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հունիսի 26-ին հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել էր Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը: Բացի այդ, սելավը վնասել էր բնակավայրի խմելու ջրի խողովակները։
Կարծիքներ